
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում 400 տոկոսով բարձրացնել դաշինքի օդային պաշտպանությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պատրաստվում է կոչ անել մեծացնել դաշինքի օդային պաշտպանության հնարավորությունները 400%-ով, ինչը «կպաշտպանի» դաշինքը Ռուսաստանից․ նշվել է նրա կառույցի մամուլի ծառայության հաղորդագրության տեքստում:
ՆԱՏՕ-ի անդամները ջանքեր են գործադրում ամրապնդելու իրենց պաշտպանական կարողությունները այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին սկսեց իր պատերազմը Ուկրաինայի դեմ։
«Վտանգը չի անհետանա նույնիսկ այն ժամանակ, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի։ Մենք պետք է ունենանք ավելի շատ ուժեր և կարողություններ՝ մեր պաշտպանական ծրագրերը լիարժեք իրականացնելու համար։ Մեր զինված ուժերը նաև կարիք ունեն հազարավոր լրացուցիչ զրահատեխնիկայի և տանկերի, միլիոնավոր լրացուցիչ հրետանային արկերի», – կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն։
Ավելի վաղ Ռյուտեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր Սառը պատերազմից ի վեր դաշինքի ռազմական կարողությունների ամենանշանակալի ընդլայնման ծրագրերի հաստատման մասին։ Նա հաստատել է, որ հունիսի 24-25-ը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար «առաջարկ է ներկայացրել» մինչև 2030 թվականը դաշինքի երկրների համար ռազմական ծախսերի շեմը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ից մինչև 5% բարձրացնելու վերաբերյալ: