
Գազայում զոհված լրագրողների թիվը հասել է 227-ի․ Al Jazeera
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 227 լրագրող․ այս մասին հայտնում է Al Jazeera–ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողը աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։
Al Jazeera-ն նշում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայությունը ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի իշխանությունների կողմից պաղեստինցի լրագրողների համակարգված հարձակումներն ու սպանությունները։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսել էր ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարվածներ հասցնելով անկլավին և այդպիսով խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։