
Հայաստանը կարող է վերանայել իր անվտանգության դաշինքները, բայց այն չի դառնա առանձին մոլորակ Հարավային Կովկասում․ The Moscow Times
Տասնամյակներ շարունակ Հայաստանը Ռուսաստանի ամենահուսալի հետխորհրդային դաշնակիցներից մեկն էր՝ փոքր, բայց հավատարիմ գործընկեր, որը բույն էր դրել անկայուն Հարավային Կովկասում: Սակայն այդ հարմարավետ ամուսնությունն այժմ արագորեն քանդվում է. այս մասին նշվել է The Moscow Times-ի հոդվածում։
Ըստ հեղինակ Ջեյսոն Կորկորանի՝ այսօր Երևանն այլևս չի շշնջում դժգոհության մասին, այլ՝ բղավում է։ Իսկ Մոսկվան փորձում է փրկել իր նվազող ազդեցության մնացորդներն՝ օգտագործելով մեղմ ուժի սխեմաներ և հուսահատ քաղաքական մանևրներ։
Հոդվածագրի կարծիքով՝ ամեն ինչ արդեն գրված է․ Հայաստանը դադարել է սպասել այնպիսի պաշտպանի, որը երբեք չի գա։
Խզումն առավել ակնառու է դարձել 2021 և 2022 թվականներին, երբ ադրբեջանական ուժերը սահմանային հարձակումներ են սկսել հայկական տարածքի վրա և սպանել հարյուրավոր հայ զինվորների: Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամ Հայաստանը համերաշխություն էր ակնկալում: Դրա փոխարեն այն ստացավ լռություն:
Հայաստանի տեսանկյունից՝ Ադրբեջանը, հավանաբար, առաջ չէր շարժվի Լեռնային Ղարաբաղի հարցում, եթե Ռուսաստանը չներխուժեր Ուկրաինա: Պատերազմը սպառեց Կրեմլի ռեսուրսներն ու ուշադրությունը՝ Հարավային Կովկասում իշխանության վակուում ստեղծելով: Բաքուն օգտվեց պահից՝ գիտակցելով, որ Ռուսաստանը չափազանց շեղված և թուլացած էր արձագանքելու համար:
Ինչպես նշվել է հոդվածում, ՀԱՊԿ-ի կողմից միջամտության բացակայությունը կոտրել է այն պատրանքը, որ Ռուսաստանը կպահպանի գործարքի իր կողմը։ Երբ Լեռնային Ղարաբաղը, շրջափակվել, ապա արագորեն գրավվել է Ադրբեջանի կողմից 2023 թվականին, ռուս խաղաղապահները անգործ էին։ Հայերի համար սա դավաճանություն էր։
«Հայաստանն այժմ արագորեն ազատվում է Ռուսաստանից՝ որպես իր անվտանգության գլխավոր երաշխավորի երկարատև կախվածությունից և անցնում է ռազմավարական դիվերսիֆիկացման քաղաքականության։ Այլևս չբավարարվելով աշխարհաքաղաքական արբանյակ լինելով՝ Հայաստանը ձգտում է ավելի խորը կապեր հաստատել Եվրամիության հետ, ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ և ձգտել հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հետ», – գրել է Կորկորանին։
Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին հանձնարարվել է վերականգնել ռուսական ազդեցությունը Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ըստ հոդվածագրի՝ դա հեշտ չի լինելու։ Ռուսական աղբյուրներն իրենք են խոստովանում, որ Հայաստանում այժմ «ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից»։
Կիրիենկոյի խաղաքարտերն, ըստ որոշ տեղեկությունների, սկսվում են «տեղեկատվական աշխատանքով»։ Սակայն, ինչպես նշվել է, դժվար է սրտեր գրավել դատարկ խոստումներով, հատկապես այն երկրից, որը լքել է քեզ պատերազմի ժամանակ։ Սակայն Պուտինն այդքան հեշտությամբ չի նահանջի։ Կիրիենկոյի նշանակումն ալիքը զսպելու վերջին ջանքերի մի մասն է, բայց, հավանաբար, դա շատ քիչ է, շատ ուշ։ Կրեմլին բարեկամ ձայները Հայաստանում կորցնում են իրենց հեղինակությունը, և հայ հանրությունն այլևս չի վախենում կասկածի տակ դնել Ռուսաստանի դրդապատճառները կամ կարողությունները։
«Հայաստանը կարող է վերանայել իր անվտանգության դաշինքները, բայց այն չի դառնա առանձին մոլորակ Հարավային Կովկասում։ Աշխարհագրությունը ճակատագիր է։ Ռուսաստանը մնում է հարևան՝ նույնիսկ առանց ընդհանուր սահմանի, և Մոսկվայի հետ առևտուրը դեռևս Հայաստանի տնտեսության հիմնական հենասյունն է», – նշվել է հոդվածում և ընդգծվել, որ երկիրը նաև մեծապես կախված է Ռուսաստանից բնական գազի և էլեկտրաէներգիայի հարցում։
Ըստ հոդվածագրի՝ Փաշինյանի այցը Մոսկվա մայիսի 9-ին Հաղթանակի օրվա առթիվ, հաշվարկված ժեստ էր՝ Կրեմլին հավաստիացնելու, որ Հայաստանի արևմտյան շրջադարձը չի նշանակում Ռուսաստանից լիակատար կտրում։ Սակայն Մոսկվայում աճող անհանգստության նշան էր այն, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անցյալ ամիս այցելեց Երևան՝ Փաշինյանի հետ բանակցությունների համար։ Այց, որը լայնորեն դիտվում է որպես Ռուսաստանի թուլացող ազդեցությունը վերականգնելու փորձ։
«Տեսանկյունը հստակ էր. Հայաստանը այլևս Մոսկվային չի նայում որպես իր հիմնական պաշտպան։ Լավրովը ժամանեց ոչ թե որպես վստահելի դաշնակից, այլ որպես մի տերության սուրհանդակ, որի անվտանգության երաշխիքները բազմիցս ձախողվել են։ Եթե Ռուսաստանը իսկապես ցանկանում է մնալ արդիական Հարավային Կովկասում, ապա պետք է հաշվի առնի այն փաստը, որ հարկադրանքն այլևս չի աշխատում», – եզրափակել է Կորկորանին՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է դեռևս ներկա լինել, բայց այլևս որոշումներ չի կայացնում։