
Բաքուն ցանկանում է մոռանալ ԼՂ-ի հայ բնակչության տառապանքների մասին և ձևացնել, թե ոչ ոք ոչինչ չի հիշում․ Զատուլին
Ադրբեջանը շարունակում է թեժացնել հակառուսական հռետորաբանությունը՝ դրա համար օգտագործելով ցանկացած պատրվակ։ Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հարձակվել է Ռուսաստանի վրա՝ մեկնաբանելով նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցը․ գրել է Свободная Пресса–ն։
Ինչպես հիշեցրել է կայքը, Մեդինսկին հայտարարել էր, որ եթե ուկրաինական հակամարտությունը դադարեցվի առաջնագծում և իրական խաղաղության վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։
Այհան Հաջիզադեն, արձագանքելով հայտարարել էր, թե «նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը կամ ագրեսիվ պատերազմ չի մղել որևէ պետության դեմ»։
Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը կայքի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանն իրեն էքստազի մեջ է գցում՝ պահանջելով, որ բոլորն անվերապահորեն ճանաչեն ոչ միայն ներկայիս իրավիճակն, այլև մոռանան, թե ի՞նչ է նախորդել դրան։
«Երկու անգամ՝ 2020 և 2023 թվականներին, Ադրբեջանը ռազմական գործողություններ է ձեռնարկել, որոնց արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի լիակատար անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ դրա հետևանքը եղել է հայ բնակչության լիակատար արտագաղթը», – նշել է Զատուլինը՝ հավելելով, որ Ադրբեջանն այժմ իրավիճակը ներկայացնում է այնպես, կարծես 2020 թվականից առաջ Ղարաբաղում ոչինչ տեղի չի ունեցել։ Մինչդեռ գոյություն ուներ և գործում էր բանակցողների խումբ, մինչդեռ Բաքուն ինքն էր ընդունում, որ անհրաժեշտ է գտնել խնդրի խաղաղ լուծում։ Ի վերջո, Ադրբեջանը խափանել է այս բանակցությունները և նախընտրել պատերազմը, չնայած կողմերը մոտ էին հարցը բարեկամաբար լուծելուն։ Պատգամավորի խոսքով՝ Բաքուն ցանկանում է մոռանալ Լեռնային Ղարաբաղի բնակչության տառապանքների մասին։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն հարձակվում է յուրաքանչյուրի վրա, ով նույնիսկ հիշատակում է Լեռնային Ղարաբաղ անունը։ Բաքվում ազատ են ինքնամոռաց լինելու և ձևացնելու, թե ոչ ոք ոչինչ չի հիշում», – նշել է Զատուլինը։
Ինչպես ընդգծել է պատգամավորը, Ադրբեջանը ցանկանում է, որ բոլորը արագ մոռանան, որ հայերը մի ժամանակ ապրել են Լեռնային Ղարաբաղում։ Բայց նրանք այնտեղ ապրել են շատ ավելի վաղ, քան ադրբեջանցիներն են հայտնվել։
Զատուլինի կարծիքով՝ Ադրբեջանն այլևս այնքան էլ հետաքրքրված չէ Ռուսաստանով, որքան նախկինում էր։ Այն, անշուշտ, չի մերժում Ռուսաստանի հետ կապերը՝ ելնելով իր առևտրային շահերից, բայց այլևս դաշնակից չէ․ Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է։ «Եվ ես չեմ հասկանում տրամաբանությունը, երբ ինչ–որ մեկը հույսը դնում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության վրա», – հավելել է պատգամավորը։