14 Հնս
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո մի շարք ավիաընկերություններ վերահասցեագրել են չվերթները, փակել օդային տարածքները

Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո մի շարք ավիաընկերություններ վերահասցեագրել են չվերթները, փակել օդային տարածքները

Flightradar24-ի տվյալները ցույց են տալիս, որ ավիաընկերությունները ուրբաթ լքել են Իսրայելի, Իրանի, Իրաքի և Հորդանանի օդային տարածքը այն բանից հետո, երբ Իսրայելը հարձակումներ է իրականացրել Իրանում գտնվող թիրախների վրա․ հայտնում է Reuters գործակալությունը։

Իրանի վրա հարվածների մասին հաղորդագրությունների տարածվելուն պես մի շարք ավիաընկերությունների, այդ թվում՝ Dubai’s Emirates-ի, Lufthansa-ի և Air India-ի, առևտրային չվերթները սպասարկող ինքնաթիռները Իրանի օդային տարածքում են եղել։

Air India-ն, որը օգտվում է Իրանի օդային տարածքից դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա չվերթների համար, հայտարարել է, որ մի քանի չվերթներ, այդ թվում՝ Նյու Յորքից, Վանկուվերից, Չիկագոյից և Լոնդոնից, վերահասցեագրվել կամ վերադարձվել են իրենց սկզբնակետ։

Իրաքի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ուրբաթ առավոտյան Իրաքը փակել է իր օդային տարածքը և դադարեցրել երթևեկությունը օդանավակայաններում։

Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է մինչև հետագա ծանուցում։ Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածների պատճառով Իսրայելի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բարձր պատրաստվածության վիճակում են

Ըստ պետական լրատվամիջոցների և օդաչուներին ուղղված ծանուցումների՝ Իրանի օդային տարածքը նույնպես փակ է մինչև հետագա ծանուցում։

Հիշեցնենք, որ Իսրայելը ուրբաթ հայտարարել է, որ թիրախավորել է Իրանի միջուկային օբյեկտները, բալիստիկ հրթիռների գործարանները և ռազմական հրամանատարներին՝ Թեհրանի կողմից ատոմային զենքի ստեղծումը կանխելու համար նախատեսված երկարատև գործողության սկզբում։ Գործողությունն, ըստ Իսրայելի նախազգուշացման, երկարատև կլինի։

 

Ռազմագերիներ