
Սիոնիստական ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստել է դառը և ցավոտ ճակատագիր, ինչի համար կզղջա․ Իրանի բարձրագույն մարմինների արձագանքը
Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ նման ագրեսիայի ակտերը չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը՝ որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, պատասխանատու է նաև այս անզգույշ սրման վտանգավոր հետևանքների համար․ նշվել է Իրանի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծվել է, Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածները ՄԱԿ–ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում են և բացահայտ ագրեսիա Իսլամական Հանրապետության դեմ: Թեհրանն ունի օրինական իրավունք արձագանքելու այս ագրեսիային՝ համաձայն ՄԱԿ–ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի զինված ուժերը չեն տատանվի պաշտպանել իրանցի ազգն իրենց ողջ ուժով և իրենց ընտրած ձևով։
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղել Իրանի ժողովրդին․«Այսօր վաղ առավոտյան սիոնիստական ռեժիմն իր կեղտոտ և արյունոտ ձեռքերով հանցագործություն է կատարել մեր սիրելի երկրում և ավելի քան երբևէ ցույց է տվել իր ստոր բնույթը՝ հարվածելով բնակելի թաղամասերին։ Թող ռեժիմը խստորեն պատժվի։ Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքերը նրան հանգիստ չեն թողնի՝ Ալլահի կամքով։ Թշնամու հարձակումների հետևանքով նահատակվել են մի շարք հրամանատարներ և գիտնականներ։ Նրանց տեղակալներն ու աշխատակիցները, եթե Ալլահը կամենա, անմիջապես կկատարեն իրենց պարտականությունը։ Սիոնիստական ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստել է դառը և ցավոտ ճակատագիր, և այն անկասկած կհասնի նրան»։
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ևս հայտարարություն է տարածել Իսրայելի վերջին գործողությունների վերաբերյալ․ «Այս պահից սկսվել են բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառումը, որպեսզի իսրայելական անօրինական ռեժիմը զղջա իր արածի համար: Մենք պատերազմի նախաձեռնողները չենք եղել, բայց այս պատմության վերջին գլուխը կգրի Իրանը»:
Իրանի կառավարությունը նաև գրառում է կատարել իր Telegram ալիքում։ «Աշխարհն այժմ ավելի լավ է հասկանում, թե ինչու է Իրանը պնդում ուրանի հարստացման, միջուկային տեխնոլոգիաների և հրթիռային հնարավորությունների վրա», – նշվել է կաբինետի հայտարարության մեջ։