
Փաշինյանը պատրաստվում է կապիտուլյացիայի և Սյունիքի հանձնման․ МК
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, որի նախագահը միլիարդատեր Սամվել Կարապետյանն է: ՀՀ կառավարության ղեկավարը այս մասին հայտարարել է հունիսի 18-ին: Նախորդ գիշերը Կարապետյանը ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից Երևանի իր առանձնատանը: Նրան մեղադրանք է առաջադրվել «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար: Դրանից առաջ գործարարը աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ), որի վրա հարձակվել էր վարչապետը․ գրել է Московский Комсомолец-ը։
Ինչպես նշվել է, շատ արագ խնդիրներ են առաջացել նաև «Տաշիր Պիցցա» սննդի կետերի ցանցում, որը մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ: Բոլոր 36 սննդի կետերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել։ Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:
Պարբերականն ընդգծել է, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց շարքում է: Նա Մոսկվայում բազմաթիվ խոշոր առևտրի կենտրոնների սեփականատեր է: Նրա կարողությունը գնահատվում է 3,2 միլիարդ դոլար:
Московский Комсомолец-ն ընդգծել է, որ այժմ Փաշինյանը Կարապետյանի դեմ «դասակարգային ատելություն» է հրահրում՝ թաքնվելով ժողովրդի ետևում, ինչպես միշտ: «Սակայն, իրականում, նա ինքն է պատերազմ մղում իր ժողովրդի դեմ, հարձակվում է Հայ եկեղեցու վրա, որը այս ժողովրդի ինքնության հիմքն է, պլանավորում է ստորագրել համաձայնագրեր, որոնք իրականում նշանակում են հայ ժողովրդի կապիտուլյացիան իր արտաքին թշնամիների առջև:
Նրա օրակարգում են Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրի միջանցքի բացումը, որը կկապի Ադրբեջանը, Նախիջևանը և Թուրքիան, և Սյունիքի մարզի հանձնումը: Ակնկալվում է, որ ժողովուրդը, զուրկ ուժեղ առաջնորդներից և հոգևոր աջակցությունից, չի կարողանա դիմադրել դրան», – գրել է կայքը։
Հավելվել է նաև, որ եթե Հայաստանում գործարարը երկարաժամկետ ազատազրկման դատապարտվի, և նրա ակտիվները խլվեն, ապա Ռուսաստանում նրա հսկայական սեփականության համար պատերազմ կարող է սկսվել: Սամվել Կարապետյանի համար չափազանց դժվար կլինի այն պաշտպանել բանտից: