
Հայ Առաքելական եկեղեցին քննադատում է կառավարությանը՝ դառնալով այլախոհության ձայնը և սպառնալիք իշխանությունների համար․ BBC
Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական պայքարի մի մասն է։ Հայաստանում հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին, սակայն ընդդիմադիր կուսակցությունները մեծ սպառնալիք չեն ներկայացնում կառավարության համար։ Նրանք անընդհատ հակամարտության մեջ են միմյանց հետ, լայն աջակցություն չունեն և վարկաբեկված են երկրի նախկին ղեկավարների հետ ունեցած կապերի պատճառով։ Այս պայմաններում՝ Հայ Առաքելական կեղեցին (ՀԱԵ), որը քննադատում է կառավարությանը պահպանողական դիրքերից, դառնում է այլախոհության ձայնը․ գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես նշվել է, Փաշինյանն իշխանության է եկել 2018 թվականին զանգվածային բողոքի ցույցերի ալիքով և խոստացել «չեղարկել» երկրում օլիգարխներին և վերջ դնել մենաշնորհներին։ Սակայն իրականում նոր կառավարությանն աջակցող խոշոր գործարարները կարողացել են պահպանել իրենց բիզնեսը, և որոշները նույնիսկ ընտրվել նոր իշխող կուսակցությունից որպես պատգամավորներ։ Հայ «ռոքֆելերներից» նրանք, ովքեր հովանավորում էին ընդդիմությանը, բախվել են խուզարկությունների և քրեական գործերի։
Ըստ BBC-ի՝ Կարապետյանը մնացել է քաղաքականությունից դուրս և կարողացել պահպանել մենաշնորհը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերահսկողության նկատմամբ։ Սակայն այս բոլոր տարիներին նա ՀԱԵ-ի ամենամեծ բարերարն էր և չէր կարող խուսափել աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների միջև հակամարտությունից։ Դրան հետևել են քրեական գործը, խուզարկությունները և քննադատության հեղեղը ՀՀ վարչապետի Ֆեյսբուքյան էջում։
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Առաքելական եկեղեցուն, որին պատկանում է հայերի մեծամասնությունը, ավելի շատ են վստահում, քան կառավարությանը։
Իր իշխանության յոթ տարիների ընթացքում Փաշինյանը հետևողականորեն պայքարել է «հին ռեժիմի» մնացորդների դեմ, ինչպես նա անվանում է իր նախորդներին։ Քննադատները նշում են, որ վարչապետն իր հավատարիմներին նշանակել է կառավարության բոլոր ճյուղերի և պետական հաստատությունների՝ իրավապահ մարմինների, հետախուզական գործակալությունների, բանակի, դիվանագիտական ծառայության և նույնիսկ երկրի բարձրագույն դատարանի՝ Սահմանադրական դատարանի ղեկին։
Այնուամենայնիվ, առաջացած ճգնաժամը սպառնում է պառակտմամբ։ Եթե Փաշինյանին հաջողվի փոխարինել կաթողիկոսին, ապա Հայաստանի ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները և սփյուռքի ծխական համայնքները կարող են չճանաչել քաղաքական միջամտությունից հետո նշանակված առաջին հոգևորականին։