
Փաշինյանը վախենում է քաղաքականապես «անբիծ» Կարապետյանից․ Regnum
ՀՀ կառավարության կոշտ դիրքորոշումը գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հեշտությամբ բացատրվում է. Փաշինյանը վախենում է նրանից: Ավելի ճիշտ՝ ով կարող է դառնալ նա․ գրել է Regnum-ը։
Ինչպես նշվել է, Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է, որի ընդհանուր կարողությունը կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար: Նրան է պատկանում «Տաշիր» հոլդինգը, որը միավորում է ավելի քան 200 ընկերություն շինարարության, զարգացման, ֆինանսների, էներգետիկայի, արդյունաբերության, մանրածախ առևտրի և ռեստորանային բիզնեսի ոլորտներում: Ռուսաստանում նրան են պատկանում «Ֆորա Բանկ»-ը, RIO առևտրի կենտրոնների ցանցը, ինչպես նաև՝ մի շարք այլ ընկերություններ։
Բացի այդ՝ նրա ղեկավարած «Տաշիր» հիմնադրամը մի շարք բարեգործական նախագծեր է իրականացնում Հայաստանում։ Հիմնադրամը ժամանակին մեծ գումարներ է ներդրել Լեռնային Ղարաբաղի զարգացման մեջ, այդ թվում՝ այնտեղ եզակի բժշկական կենտրոնի ստեղծման գործում, ինչպես նաև մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի տաճարի վերակառուցմանը։
Նա չի մոռացել նաև եկեղեցու մասին. 2020 թվականի մայիսին հիմնադրամը Հայ եկեղեցուն նվիրաբերել է երկրի պատմության և մշակույթի մասին վեց հազար հազվագյուտ գրքերից բաղկացած եզակի հավաքածու։ Եվ սա չի վերաբերում միլիարդատիրոջ հայրենի քաղաքում՝ Տաշիրում, իրականացված խոշոր ենթակառուցվածքային նախագծերին, որոնց անունով էլ նա անվանակոչել է իր ընկերությունը։
Բարեգործական նախագծերը վերաբերում էին նաև արտասահմանյան երկրներին. օրինակ՝ 2020 թվականին Սամվել Կարապետյանը 200,000 դոլար է ծախսել Բեյրութի հայկական եկեղեցու վերականգնման վրա, որը վնասվել էր Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հսկայական պայթյունի հետևանքով, ինչպես նաև 10,000 դոլար է նվիրաբերել աղետի ժամանակ զոհված հայերի ընտանիքներին։
Միևնույն ժամանակ՝ Կարապետյանը սկզբունքորեն չի զբաղվել քաղաքականությամբ, ուստի՝ նա որևէ բացասական երանգ չունի բնակչության որևէ կոնկրետ մասի աչքում։