
Բիլ Քլինթոնը հորդորել է Դոնալդ Թրամփին «թուլացնել» Իսրայելի և Իրանի միջև ներկայիս հակամարտությունը
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը օրեր առաջ «The Daily Show» հաղորդման ժամանակ հորդորել է նախագահ Դոնալդ Թրամփին «թուլացնել» Իսրայելի և Իրանի միջև ներկայիս հակամարտությունը։ Մինչ այժմ ԱՄՆ-ն չի ներգրավվել հակամարտության մեջ ուղղակիորեն, սակայն աջակցել է Իսրայելին՝ Թեհրանից արձակված հրթիռները խոցելու գործում։ Թեև կան որոշ նշաններ, որ Թրամփի վարչակազմը կարող է ավելի ուղղակիորեն ներգրավվել հակամարտության մեջ։ Չնայած նախկին նախագահը կասկածով է մոտենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թրամփի խաղաղության հանդեպ իրական նպատակներին Մերձավոր Արևելքում, նա հորդորել է գործող նախագահին հանդարտեցնել իրավիճակը և վերջ տալ «քաղաքացիների անդադար սպանդին»։
«Նախ՝ նրանք անգամ չեն խոսում Մերձավոր Արևելքում խաղաղության բանակցությունների մասին, որովհետև Իսրայելը՝ վարչապետ Նեթանյահուի օրոք, ոչ մի մտադրություն չունի պաղեստինցիներին պետություն տալու։ Իսկ հիմա նրանք չափազանց պառակտված և ճնշված են՝ նման բան կազմակերպելու համար», – ասել է Քլինթոնը։
Նա շարունակել է՝ նշելով, որ Թրամփը համաձայն է Նեթանյահուի հետ այն հարցում, որ պաղեստինցիները «չպետք է ունենան պետություն»։
Սակայն նա նաև հավելել է, որ այդ երկու առաջնորդներից ոչ մեկն էլ չի ցանկանում սանձազերծել տարածաշրջանային լայնածավալ աղետ։
«Պարոն Նեթանյահուն վաղուց ցանկանում է պատերազմել Իրանի դեմ, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս հավերժ մնալ իշխանության ղեկին։ Իրականում, վերջին 20 տարում նա մեծ մասամբ եղել է իշխանության ղեկին», – ասել է նախկին նախագահը։