
Հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու բոլոր հրատապ հարցերը և մտածելու, թե ինչպես դուրս գալ այսօրվա իրավիճակից․ Պուտինն՝ Արաղչիին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Իրանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի երեկոյան։ IRNA-ն հաղորդել է, որ Արաղչին Մոսկվայում բանակցություններ կվարի նախագահի և այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Մերձավոր Արևելքում և աշխարհում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Ինչպես հայտնել է РИА Новости-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումների պատճառով։
Նա նաև նշել է, որ ուրախ է հանդիպել Պուտինի հետ Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամի ֆոնին։ Արաղչին հավելել է, որ Թեհրանը շնորհակալ է Մոսկվային Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունները դատապարտելու համար։ Նա ընդգծել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված գործողությունները համարում է անօրինական, իսկ Իսլամական Հանրապետության պաշտպանությունը՝ օրինական։
«Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել այս իրադարձությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը», – նշել է Արաղչին հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, բարեմաղթանքներն է հղել Իրանի ղեկավարությանը։
«Ուրախ եմ, որ դուք այսօր Մոսկվայում եք։ Սա մեզ հնարավորություն կտա քննարկելու այս բոլոր հրատապ հարցերը և միասին մտածելու, թե ինչպես դուրս գալ այսօրվա իրավիճակից», – նշել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ Իրանի դեմ չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն Իրանի և Իսրայելի շուրջ իրավիճակի սրման վերաբերյալ հայտնի է և արտացոլվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։