
Մենք չէինք ցանկանա, որ ՀՀ-ում եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների. Լավրով
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի: Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։
Նրա խոսքով՝ թեման քննարկվել է, մասնակիցները լուրջ մտահոգություններ են հայտնել Հայաստանի Հանրապետության ներսում տեղի ունեցողի վերաբերյալ։ «Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին հարց է, բայց, իհարկե, կանոնիկ, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները խիստ մտահոգիչ են: Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության՝ առանց որևէ լուրջ հիմքի», – նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ ՌԴ–ն շահագրգռված է այս իրավիճակի հնարավորինս շուտ լուծմամբ՝ Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների և, ըստ էության, ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա: Նա նշել է, որ հայ հասարակությունում «եկեղեցու պաշտպանության շարժումը շատ, շատ լուրջ է»։