
Հայաստանի վարչապետը գործի է դնում ուժը եկեղեցու ընդդիմությունը ճնշելու համար․ Eurasianet
Մեղադրելով իր կառավարությունը տապալելու լայնածավալ դավադրության մեջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Հայ Առաքելական եկեղեցու ներսում ընդդիմությունը ճնշելու համար. գրել է Eurasianet-ը։
Ինչպես հիշեցվել է, հունիսի 27-ին տասնյակ իրավապահ մարմինների աշխատակիցներ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մի խումբ, ներխուժել են եկեղեցու վարչական կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի ձերբակալեն արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին՝ կառավարության տապալման հրապարակային կոչ անելու կասկածանքով։ Հոգևորականներն ու բարեպաշտ հավատացյալները բուռն դիմադրություն են ցույց տվել՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին դուրս մղելով Էջմիածնի տարածքից՝ առանց Աջապահյանին ձերբակալելու։ Սակայն, արքեպիսկոպոսը, ի վերջո, որոշել է հանձնվել իշխանություններին։ Օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեն հրամայել էր ձերբակալել առնվազն 14 մարդու՝ «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու» ենթադրյալ դավադրության համար։
Դավադրության ենթադրյալ ղեկավարը արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն է, որը անցյալ տարի գլխավորել է Ադրբեջանին տարածքներ փոխանցման համաձայնագրի դեմ ուղղված զանգվածային հակակառավարական բողոքի ցույցը։ Էջմիածնի դիմակայության պայմաններում եկեղեցու առաջնորդները հրամայել են ամբողջ երկրում հայկական եկեղեցիների զանգերին տագնապ հնչեցնել։ Ռուսաստանը բողոքներ է հայտնել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի ձերբակալման վերաբերյալ, ում Փաշինյանը կապել է հեղաշրջման դավադրության հետ։ Չնայած Փաշինյանն ակնհայտորեն ժողովրդականություն չի վայելում Մոսկվայում, կարծես, պահպանում է եվրոպական հիմնական առաջնորդների աջակցությունը։