
Ռուսաստանը «3+3» ձևաչափը կարևոր է համարում Հարավային Կովկասի երկրների հետևողական և ներդաշնակ համագործակցության ապահովման համար
Ռուսաստանը «3+3» ձևաչափը համարում է եվրասիական անվտանգության հիմնասյուներից մեկը, և նրա դռները բաց են Վրաստանի համար․այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։
«Ապագայում մենք այս ձևաչափը համարում ենք եվրասիական անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը։ Մենք վստահ ենք, որ բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը «3+3»-ի աշխատանքներին, այդ թվում՝ Վրաստանի, որի համար դռները բաց են մնում, կլինի ամբողջ տարածաշրջանի հաջողության և բարգավաճման գրավականը», – նշել է նա։
Մասյուկը ընդգծել է, որ Ռուսաստանը «3+3» ձևաչափը կարևոր է համարում Հարավային Կովկասի տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկրների և մասնակիցների միջև հետևողական և ներդաշնակ համագործակցության ապահովման համար։
«Այս ձևաչափի ստեղծման գործընթացն արագ թափ է հավաքում։ Տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին, Թեհրանում 2023 թվականի հոկտեմբերին և Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։ Պետք է մեկնարկեն տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի վերաբերյալ ոլորտային երկխոսություններ», – հավելել է նա։