
Գեղամ Մանուկյանի որդին տեղափոխվել է Քննչական կոմիտե. ի՞նչ է առգրավվել նրանց տնից
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տանը խուզարկություններն ավարտվել են, որդուն՝ Տարոն Մանուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե։
«Առգրավել են հեռախոսս, բացատրեցի, որ Աժ պատգամավորի անձնական իր է, իրավունք չունեն և դատական որոշում չկա, որդուս՝ Տարոնի հեռախոսը, համակարգիչներից մեկը, տարել են նաև «Երկիր մեդիայի» սկավառակներ, որոնց վրա գրված է «Կնունք», որը տեսան նաև իրենք»,- ABC media-ի հետ զրույցում հայտնել է Գեղամ Մանուկյանը` հավելելով, որ հեռախոսն առգրավելու ընթացքում իր նկատմամբ ուժ է կիրառվել։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տներում:
Զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը․ այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։ Նախնական տվյալներով՝ բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։