21 Հուլ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
21.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին

Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։

-Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։

-Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը։ Հայաստանի Հանրապետությունը թե Ադրբեջանի, թե միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ ակնկալում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ ՀՀ մնացած մասի միջեւ, ինչպես նաեւ երրորդ երկրներից եւ դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։ Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու։ Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին։ Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները եւ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ։

Քաղաքացիների եւ նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության  եւ արգելված ապրանքների շրջանառության  անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը եւ այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունեն միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ, սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսևորումները կանխարգելելու և հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ Հետևաբար, Հայաստանի համար նաև այս առումով հասկանալի չէ Ադրբեջանի հայտարարությունը։ Այլ բան, եւ դրա մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության սահմանային եւ մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների   առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Հիմա սա ընդունված ձեւաչափ է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ամեն դեպքում, ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է նաեւ կապարակնքվեն, դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար։ Նաեւ տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ։ Երկաթուղու դեպքում դրանք այլ են, խողովակաշարերի դեպքում՝ այլ, ավտոճանապարհներին՝ բեռնատար մեքենաների համար՝ այլ, մարդատար մեքենաների համար՝ այլ, եւ երբեմն երկրները փոխադարձության սկզբունքով համաձայնության են գալիս տարիֆների մասին։ Բոլոր դեպքերում համապատասխան համաձայնեցված վճարներ պետք է վճարվեն, եւ ՀՀ պետական բյուջեն պետք է եկամուտներ ստանա տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկումից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ