
Իրանն ու ՌԴ-ն խորհրդակցություններ են անցկացրել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ռուսաստանի արտգործնախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները և «Զանգեզուրի միջանցքը»։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ երկու երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ երկու երկրների դիրքորոշումների նմանությունը կարևոր է տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Խովաևն, ըստ հայտարարության տեքստի, փոխանցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնները, ներկայացրել է «Անդրկովկասում խաղաղություն հաստատելու Մոսկվայի դիվանագիտական ջանքերի վերաբերյալ» զեկույց և ընդգծել Իրանի և Ռուսաստանի միջև «սերտ և մշտական փոխգործակցության» կարևորությունը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել էր Երևանին Հարավային Կովկասում ԱՄՆ գերիշխանության և ազդեցության հնարավոր աճի մասին՝ տնտեսական ներդրումների քողի տակ։ Նույն օրը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը հանվել է օրակարգից, քանի որ այն տարանցիկ ուղի է Հայաստանի ինքնիշխանության ներքո, սակայն Թեհրանն «անհանգստանալու պատճառներ ունի» և, հետևաբար, հետևում է իրավիճակին։