
Ինչպե՞ս կարելի է հայրենազրկումը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում․ Գառնիկ Դանիելյան
Նիկոլ Փաշինյանի հակահայ և հակաարցախյան հայտարարությունները նոր չեն։ Նա բազմիցս շեշտել է, թե իբր Արցախը կորցնելով՝ Հայաստանը ձեռք է բերել անկախություն։ Սա կեղծ, շինծու և ստոր թեզ է, որը որևէ հիմնավորում չունի․ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոսը, չի պատկերացնում Հայաստանը առանց Արցախի։ Արցախը մեր հենասյունն ու վահանն էր։ Արցախի ազատամարտի շնորհիվ Հայաստանի սահմանները ժամանակին ավելի ապահով էին․ սահմանամերձ գյուղերն ու քաղաքները չունեին այնպիսի խնդիրներ, ինչպիսին ունեն այսօր։ Արցախը կորցնելուց հետո բնականաբար Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում խնդիրները բազմապատկվեցին։ Փաշինյանը որդեգրել է հայրենահանձման քաղաքականություն՝ կարծելով, թե այդպես կարող է ապահովել երկրի անվտանգությունը։ Սակայն հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելով հնարավոր չէ ապահովել անվտանգություն։ Ինչպե՞ս կարելի է հայրենազրկումը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում։ Հայաստանը անկախացել էր և անկախ է նաև այսօր, և այդ ընթացքում մեր ժողովուրդն արժանապատվությամբ էր ապրում»,- ասել է Դանիելյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի քայլերը նպատակաուղղված էին ոչ թե Արցախը պահելուն, այլ հանձնելուն։ Դրա ապացույց է նաև այն փաստը, որ իշխանական պատգամավորները բացահայտ հայտարարում են՝ քանի դեռ իրենք իշխանության են, Արցախ հավաքական վերադարձի հարցը փակ է։ Սա լավագույն ցուցիչն է նրանց իրական նպատակների։
«Այսօր էլ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի հետ համատեղ փորձում է կանխել ցանկացած խոսակցություն Արցախի վերադարձի և արցախցիների իրավունքների պաշտպանության մասին։ Մինչդեռ բազմաթիվ երկրների քաղաքական գործիչներ, խորհրդարանների պատգամավորներ ու դիվանագետներ շարունակում են բարձրաձայնել այդ հարցերը։ Փաշինյանը և իր թիմը փորձում են պարտադրել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան», սակայն այն ոչ մի առնչություն չունի իրական խաղաղության հետ։ Դա պարզապես խայտառակ կապիտուլյացիայի քաղաքականություն է»,- նշել է պատգամավորը։
Խոսելով 2025 թվականին հեղափոխության չլինելու պատճառների մասին՝ Դանիելյանը ընդգծել է՝ դրանք բազմազան են։ Առաջին հերթին՝ իշխանական մեդիան և ամբողջ համակարգը զբաղված էր հակաքարոզչությամբ․ պայքարի մասնակիցներին պիտակավորում էին, ձերբակալում, հալածում։
«Ազգային ժողովի հարակից տարածքում նույնիսկ կիրառվեցին «Չերյոմուխա» տեսակի նռնակներ, ինչի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ վնասվածքներ ստացան։ Սա վախի մթնոլորտ ստեղծեց։ Բացի այդ, Փաշինյանի իշխանությանը սատարում էին որոշ երկրներ, որոնք հավասարության նշան դնելով երկու կողմերի միջև՝ աչք էին փակում Հայաստանում հաստատված բռնապետական մեթոդների վրա։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ թեև մեծ մասսայականություն կար, շարժումները չեն հասել հեղափոխության մակարդակի։ Բայց սա չի նշանակում, որ մեր ժողովուրդը հաշտվել է Արցախի կորստի կամ հայրենի տարածքների զիջման հետ։ Շատերը շարունակում են պայքարը՝ չհամակերպվելով պարտադրված այս իրականության հետ»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։
Նա հիշեցրել է՝ այսօր հալածանքների են ենթարկվում ազգային գործիչներ, հոգևորականներ, քաղաքական պայքարի մասնակիցներ։ Նրա խոսքով՝ պայքարը ոչ թե անձնական է, այլ ազգային՝ Հայաստանի, Արցախի և ամբողջ ժողովրդի ապագայի համար։ Դանիելյանը վստահ է՝ միայն համատեղ ուժերի մեկտեղումով հնարավոր կլինի դադարեցնել հակահայ քաղաքականությունը և վերականգնել արդարությունը։