
Թրամփի՝ որպես անկայուն միջնորդի գործունեությունը դժվարացնում է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ԱՄՆ-ի իրական հանձնառության աստիճանը․ ICDS
Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու Թրամփի վերջին մոլուցքը նրա ուշադրությունը սևեռել է դեպի Հարավային Կովկաս․ գրել է Էստոնիայի առաջատար վերլուծական կենտրոններից մեկը՝ Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնը (ICDS)։
Ինչպես նշվել է, Վաշինգտոնում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի նշանակությունը ոչ թե խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի առաջացման կամ խաղաղության հարցում վճռական առաջընթացի ապահովման մեջ է, այլ՝ տարածաշրջանային կապի վերափոխման վրա դրա անմիջական ազդեցության՝ ստեղծելով Հայաստանի միջոցով Արևելք-Արևմուտք միջազգային տարանցման առաջին շրջանակը։
Ըստ վերլուծության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրատեսական հեռանկարը հորիզոնում էր 2025 թվականի մարտից, երբ երկու պետությունները հայտարարեցին, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ:
Այնուամենայնիվ, չնայած այս տեքստային համաձայնագրին՝ լարվածությունը շարունակել է սրվել 2025 թվականի առաջին կեսին, երկու կողմերն էլ հայտնել են հրադադարի խախտման մասին, իսկ Ադրբեջանն ավելի ու ավելի դժկամություն էր ցուցաբերում այն ստորագրելու հարցում: Բաքուն սկսեց պահանջել Երևանից հեռահար լրացուցիչ զիջումներ, մասնավորապես՝ անարգել միջանցքի բացումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։
Այնուամենայնիվ, հուլիսի ընթացքում Թրամփի վարչակազմը, համաձայն համաշխարհային քաղաքականության նկատմամբ իր բիզնես-կողմնորոշված մոտեցման, սկսել է արտահայտել իր հետաքրքրությունը տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, մասնավորապես՝ Ադրբեջան-Նախիջևան կապի չլուծված հարցի նկատմամբ:
Վաշինգտոնի գագաթնաժողովում, ի վերջո, չհաջողվեց խաղաղության պայմանագիր կնքել, սակայն ակնառու է, այսպես կոչված, «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագիրը, որը ի հայտ է եկել որպես ԱՄՆ-ի կողմից մշակված լուծում՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը և Նախիջևանը կապելու համար:
Ըստ հոդվածի՝ գլոբալ տեսանկյունից՝ համաձայնագրի աշխարհաքաղաքական հետևանքների վերաբերյալ վերջնական եզրակացություններ անելը դեռևս վաղաժամ է։ Թրամփի՝ որպես որոշ չափով անվստահելի և անկայուն միջնորդի գործունեությունը դժվարացնում է գնահատել ԱՄՆ-ի իրական հանձնառության աստիճանը կառուցվածքային տարածաշրջանային ներգրավվածությանը։ Հարավային Կովկասում Ամերիկայի դերի աստիճանը մնում է անհասկանալի։ Այս երկիմաստությունը բարձրացնում է այն հավանականությունը, որ Թրամփի դերը համաձայնագրում պայմանավորված է եղել ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկներով, այլ՝ ներքին քաղաքական նկատառումներով։ Ավելին` Իրանի և Ռուսաստանի կողմից նկատելիորեն մեղմ արձագանքները, որոնք սովորաբար կտրականապես դեմ են տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ավելացմանն, արտացոլում են նրանց ներկայիս մտահոգությունները, այլ ոչ թե նոր պայմանավորվածությունների ընդունումը։ Իրանը, որը դեռևս վերականգնվում է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ 12-օրյա դիմակայությունից, ներկայումս այն դիրքում չէ, որպեսզի բարձրաձայն դեմ լինի Վաշինգտոնի դերին համաձայնագրում։ Առայժմ նրա ուշադրությունը շարունակում է ուղղված լինել Մերձավոր Արևելքում ծավալվող իրավիճակին, այլ ոչ թե՝ տարածաշրջանային կապի նախաձեռնություններին։ Նմանապես Ռուսաստանի զուսպ արձագանքը, հավանաբար, բխում է Ուկրաինայի հետ կապված նրա մտահոգությունից և Թրամփին Ալյասկայի վերջին գագաթնաժողովի համատեքստում հակադրվելու դժկամությունից։
Համաձայնագիրը, նկատելիորեն, չի անդրադառնում երկու պետությունների և նրանց հասարակությունների միջև թշնամանքի խորագույն աղբյուրներին՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին, Բաքվում ներկայումս ձերբակալված Լեռնային Ղարաբաղի հայ պաշտոնյաներին, դեռևս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական տարածքներին և պատերազմական ժամանակների վայրագությունների համար պատասխանատվության բացակայությանը։
Մինչ Հայաստանի կառավարությունը վերջին ամիսներին առաջարկել է միակողմանի զիջումներ, Ադրբեջանը շարունակում է օգտագործել թշնամական «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանությունն, ինչը կասկածներ է առաջացնում այն մասին, թե արդյո՞ք այս համաձայնագիրը հիմնովին կփոխի Բաքվի մոտեցումը։ Միևնույն ժամանակ՝ 2026 թվականին Փաշինյանին սպասում են ընտրություններ՝ ժողովրդականության անկման պայմաններում, ինչն անորոշություն է ստեղծում Հայաստանի՝ զիջումներ անելու պատրաստակամության վերաբերյալ։ Բացի այդ՝ անհասկանալի է մնում, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմն իր խաղաղարար առաքելությունը համարում է ավարտված, թե՞ սա դիտարկում է որպես կայուն միջնորդության սկիզբ։ Մինչև չկա պարզություն այլ, ավելի ցավոտ չլուծված խնդիրների լուծման վերաբերյալ, և մինչև չկա պարզություն երկու պետությունների՝ խաղաղության նկատմամբ իրական հանձնառության վերաբերյալ, պետք է զգույշ լինել այս համաձայնագիրն առաջընթաց անվանելու հարցում։
Պատմությունը բազմաթիվ օրինակներ է բերում համաձայնագրերի, որոնք մոտ են եղել խաղաղությանը, բայց շուտով խախտվել են: Առանց երկարատև պարտավորության՝ Վաշինգտոնի համաձայնագիրը վտանգում է միանալ նրանց շարքերին: