05 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ կարող է երաշխավորել կամ գոնե օգնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմը չվերսկսվի․ Deutsche Welle

Ո՞վ կարող է երաշխավորել կամ գոնե օգնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմը չվերսկսվի․ Deutsche Welle

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, սակայն ո՞վ է հետևելու խաղաղության համաձայնագրերի պահպանմանը։ Այսպիսի հարցադրում է արել Deutsche Welle գործակալությունը։

Ինչպես նշվել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են խաղաղ հարաբերությունների մասին հռչակագիր։ Արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են պայմանագրի տեքստը։ Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է սահմանների ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Գործակալությունը հիշեցրել է, որ մինչ այդ՝ 2020 թվականին, Ադրբեջանը հաղթել է ղարաբաղյան պատերազմում, որը դադարեցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: 2023 թվականին Բաքուն ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել տարածաշրջանի նկատմամբ, իսկ այնտեղ ապրող հայերը հեռացել են: ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի մինչև 2025 թվականի վերջը․ կազմակերպության մասնակիցները որոշումը կայացրել են սեպտեմբերի 1-ին:

DW-ն նշել է, որ իր գոյության ընթացքում Մինսկի խումբը տասնյակներով, եթե ոչ հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել տարբեր մակարդակներում, բայց չի հասել իր հայտարարած նպատակին։ «Ի վերջո, այն դարձավ խնդրի մի մասը և չկարողացավ իրականացնել լուծման տարբերակները»,- DW-ի հետ զրույցում նշել է Tageschau.de-ի լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Սիլվիա Շտյոբերը։

Բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Լորենս Բրոերսը կարծում է, որ ձախողման մի քանի պատճառ կա։

«Գլխավորն այն է, որ ՄԽ-ն ստեղծվել է այլ աշխարհաքաղաքական դարաշրջանում՝ միաբևեռություն, Սառը պատերազմի ավարտ, այն համոզմունքը, որ պետությունները կարող են համագործակցել», – նշել է Բրոերսը։ Նրա խոսքով՝ ՄԽ-ն այդ անցյալ դարաշրջանի «արտեֆակտ» է։

Ավելի լայն համատեքստում՝ բրիտանացի փորձագետը ՄԽ ճակատագիրը կապում է ԵԱՀԿ-ի ընդհանուր «անկման» հետ, որը չդարձավ այն ազդեցիկ կառույցը, ինչ նախատեսված էր։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան որոշ պահի ղեկավարությունը հանձնել են Ռուսաստանին, որը, ըստ Բրոերսի, «լավագույն դեպքում երկիմաստ վերաբերմունք ուներ հակամարտության վերջնական լուծման նկատմամբ»։ 2020 թվականի պատերազմից հետո Մոսկվան «ղեկավարում էր, բայց չէր վերահսկում» իրավիճակը։ Միևնույն ժամանակ՝ Բրոերսը նաև հավելել է, որ միայն Ռուսաստանի Դաշնությունն էր «պատրաստ և հետաքրքրված» տարածաշրջան խաղաղապահներ ուղարկելու հարցում։

Ըստ վերլուծաբանի՝ Բաքուն չէր ցանկանում, որ հակամարտությունը սառեցվի և մոռացվի, մինչդեռ Երևանը «ներդրումներ էր կատարում» չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Նրա կարծիքով՝ երկու կողմերի գործողությունները հանգեցրել են Մինսկի խմբի միջնորդությամբ հնարավոր լուծման քայքայմանը։

Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն և Երևանը նախաստորագրել են, այսինքն՝ պաշտոնապես համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, դրա ստորագրման և ուժի մեջ մտնելու ժամկետները բաց հարց են։ Սիլվիա Ստոեբերը նշում է, որ Ադրբեջանը պայմաններ է առաջ քաշում, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

Շտյոբերի կարծիքով՝ Բաքվի պահանջները «խորապես» ազդում են Երևանի ներքին գործերի վրա։ Դիտորդը նշում է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը հնարավոր է ոչ շուտ, քան 2026 թվականը, և դրա համար, քաղաքական որոշումից բացի, անհրաժեշտ կլինի հանրաքվե։

Կենտրոնական հարցերից մեկն արդեն իսկ տրվում է. ո՞վ կարող է երաշխավորել կամ գոնե օգնել, որ պատերազմը չվերսկսվի։ Շտյոբերը կարծում է, որ «ԵԱՀԿ-ն ամբողջությամբ կորցրել է իր հեղինակությունը», հատկապես Հարավային Կովկասում։ Դիտորդն ավելի հաջողակ է համարում Եվրամիության փորձը, որը փոքր, անզեն դիտորդական առաքելություն է տեղակայել Հայաստանում։ Երևանը կցանկանար, որ այն մնա, նույնիսկ եթե այն չգտնվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, ինչպես հիմա է, այլ երկրի խորքում։

Նա «հետաքրքիր» է համարում ԱՄՆ-ի հնարավոր բիզնես նախագծերը, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքում», որը Ադրբեջանը Հայաստանի միջոցով կապում է նրա Նախիջևանի էքսկլավի հետ, սակայն պարզ չէ, թե որքանո՞վ դա կզսպի իրավիճակը։

Գերմանացի դիտորդը կարծում է, որ ապագայում տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի, Իրանի և ավելի հեռավոր երկրների՝ Հնդկաստանի և Պակիստանի հետ երկկողմ հարաբերությունները կարող են զսպող գործոն դառնալ։

Chatham House -ից Բրոերսը մի քանի պատճառ է նշում, թե ինչու՞ շատ բան կարող է կախված լինել ինչպես համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձություններից, այնպես էլ տարածաշրջանային տերությունների ազդեցությունից: «Մեծ հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ն երկարաժամկետ հեռանկարում կպահպանի իր ուշադրությունը Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի վրա», – նշել է Բրոերսը: Նա Վաշինգտոնի և տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, խաղադրույքներն անվանել է «ասիմետրիկ»:

Բացի այդ՝ Բրոերսը խաղաղության պայմանագրի ձևակերպումը համարում է «բավականին թույլ» կետ. «Հստակ չէ, թե ով կլուծի դրա իրականացման վերաբերյալ վեճերը, եթե պայմանագիրը ստորագրվի»։

Ռազմագերիներ