
Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի
«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքների ավարտն Ադրբեջանում նախատեսված է հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության բաժնի ղեկավար Ֆարիզ Ալիևը։
Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ մեծ հաջողություններ են գրանցվել։ Միջանցքը կդառնա Ադրբեջանի տրանսպորտային համակարգի կարևոր օղակ և կմեծացնի տարանցիկ երթևեկությունն ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղություններով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է հաջորդ տարի։
Նա նաև հավելել է, որ այս ուղղությամբ նախագծերը զուգահեռաբար իրականացվում են նաև Թուրքիայում. «Կարս-Դիլուջու գծի 224 կիլոմետրանոց հատվածի հիմքը դրվել է, և այն ամբողջությամբ կավարտվի հաջորդ 4 տարիների ընթացքում։ Զանգեզուրի միջանցքի շահագործման հանձնմամբ Միջին միջանցքով տարեկան փոխադրումների ծավալը կավելանա ևս 15 միլիոն տոննայով»։