
«Թմրանյութերի թեստից» մինչև «սեռավարակի թեստ». ի՞նչ ընթացք է ստանում Հովհաննիսյան-Թովմասյան հակամարտություն
Ընդդիմադիր կին պատգամավորները պահանջում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին ուղղված հայտարարությունների համար։ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կանայք պահանջում են նաև Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտումը, նաև ՔՊ խմբակցության քարտուղարի վարքը քննող էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում։
«Սա ոչ միայն ԱԺ-ում տիրող անհանդուրժողական մթնոլորտի հերթական դրսևորումն է, այլև սեռով պայմանավորված խտրականության արտահայտում և ուղղակի հարձակում կանանց քաղաքական մասնակցության դեմ։ Այս իրավիճակը պետք է արժանանա ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային իրավապաշտպան և կանանց իրավունքներով զբաղվող կառույցների միանշանակ գնահատականին։ Ակնհայտ է, որ մասնագիտական գործունեություն իրականացնող կանանց պարբերաբար թիրախավորելը վերածվել է իշխող ուժի ներկայացուցիչների կրկնվող արատավոր գործելաոճի»,- նշել են կին ընդդիմադիրները։
Նրանք նաև որպես փաստ նշել են, որ իշխող ուժի ներկայացուցիչները հետևողականորեն իրականացնում են քաղաքական դիսկուրսը նսեմացնելու և արժեզրկելու քաղաքականություն՝ այն վերածելով վիրավորանքների և արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների շարանի։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս նշել է, որ, հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես կգա պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Արթուր Հովհանիսյանը Ազգային ժողովում, դիմելով Թովմասյանին, ասել էր, թե թող «սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք, այդ չորս տունը իրեն որտեղից է»։
«Դուք բոլորդ լրագրող եք, ոչ ոք չունի չորս տուն Հյուսիսային պողոտայում, չէ՞: Հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը բացառապես լրագրող աշխատելով 4 հատ տուն ունի, պետք է առաջարկեմ դա մեկնաբանի, իսկ եթե չմեկնաբանի, ապա ինձ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից են այդ 4 տունը»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Ի պատասխան, Թագուհի Թովմասյանը նշել է, որ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է։
«Ես ստիպված եմ դիմել նրա մայրիկին. տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ և բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել։ Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա»,- ասել է Թովմասյանը։
Նա նաև նշել է, որ Արթուր Հովհաննիսյանը, որը նախկինում թմրանյութերի գործով անցել է դատական գործընթաց, ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայության մարմնավորում է, այլ նաև անպատասխանատու։
Թովմասյանը նաև նշել է, որ պատրաստվում է դատարան դիմել Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարության մասով, թե իբր ինքը չորս տուն ունի Հյուսիսային պողոտայում։
Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին հիշեցրել է, որ նախկինում Թովմասյանը ընդդիմադիր լրագրող է եղել, որի ժամանակ իր դեմ փորձել են գործ սարքել թմրամիջոցների անվան տակ, ինչը չի հաջողվել, իսկ հիմա էլ փորձում են զրպարտել։ «Պրիմիտիվ զրպարտություն է, կմտածեմ՝ տիկին Թովմասյանի դեմ դատական հայց ներկայացնել կամ չներկայացնել», – ասել է Հովհաննիսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ևս անդրադարձել է դեպքին և ֆեյսբուքյան իր էջում գրել. «Իսկ հիշո՞ւմ եք, որ ՔՊ կանայք խիստ հուզվել և վրդովվել էին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը Աննա Հակոբյանին Փաշինյանի զուգընկերուհի էր անվանել: Դա նրանք համարել էին կնոջ թիրախավորում: Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհանիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք, թե՞ դուք նույնքան սկզբունքային «ֆեմինիստներ» եք, որքան սկզբունքային «ժողովրդավարներ» ու «ինքնիշխաններ»: Նման հարցերին պատասխա՞ն ունեք, թե պարզապես անտեսում եք»:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ևս անդրադարձել է կատարվածին և Թագուհի Թովմասյանին հորդորել չնեղվել։
«Տականքն ուրիշ ձև չի գիտի՝ կնոջ քաղաքական համարձակությանը պատասխանելու: Նման հայհոյախոսությունն ընդունիր որպես օրհնանք: Դրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ չունեն ո՛չ արժանապատվություն, ո՛չ բարոյականություն, ո՛չ հարգանք մեր ժողովրդի և նրա խորքային արժեքների նկատմամբ: Բայց ուրիշ ի՞նչ կարող ես սպասել էդ մարդկանցից, որոնք սեփական ժողովրդի պարտությունն ու նվաստացումը դարձրել են կրոն և այսօր հպարտորեն հայտարարում են, որ Արցախը և մեր զինվորներին գիտակցաբար մատնել են ոչնչացման, որպեսզի հաշտություն հաստատեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- նշել է Զուրաբյանը։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նշել է, որ ինքն այն կին պատգամավորներից է եղել, որի նկատմամբ իշխանության ներկայացուցիչները հատել են կարմիր գծերը։
«Ես չեմ զարմանում Արթուր Հովհաննիսյան անուն ազգանունով պատգամավորի գոյության և կին պատգամավոր Թագուհի Թովմասյանի նկատմամբ նրա ստամբակ ու սինլքոր պահվածքի մասով: Ու՞մից այդ երեխան պետք է օրինակ վերցներ»,-ասել է նա:
Ավելի վաղ Թովմասյանը պաշտոնական նամակ էր ուղարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով, որ Արթուր Հովհանիսյանը ամեն անգամ խորհրդարան մտնելիս թմրանյութերի օգտագործման թեստ հանձնի։ Նա նշել է, որ Հովհանիսյանի հինգշաբթի դրսևորած վարքը իր մոտ կասկածներ է հարուցել, քանի որ ուղիղ եթերում խուլիգանական վարքագիծ է դրսևորել և խանգարել է իր ճեպազրույցը, որի ընթացքում խոսում էր Բաքվի բանտերում խոշտանգվող գերիների մասին։ Հարցազրուցի ժամանակ Հովհաննիսյանը միջանցքով անցնելիս ռեպլիկ է նետել՝ հորդորելով լրագրողներին հարցնել Թովմասյանին, թե ինչու նա նիստերին չի մասնակցում։