06 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մրցավազքը չափազանց թեժ կլինի․ Известия

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մրցավազքը չափազանց թեժ կլինի․ Известия

Երևանում տեղի է ունեցել ձերբակալված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված «Մեր ձևով» ընդդիմադիր շարժման առաջին համագումարը: Իրենց ելույթների ժամանակ խմբի ղեկավարներն ընդգծել են, որ նախաձեռնությանն արդեն միացել է 5000 կամավոր: Առաջիկա ամիսներին մասնակիցների թիվը, ըստ Կարապետյանի, կարող է հասնել տասնյակ հազարների՝ հարթելով «հասարակության մեջ անդառնալի փոփոխությունների» ճանապարհը: Արդյունքում՝ հանդիպման մասնակիցները խոստացան հոկտեմբերի վերջին հանրահավաք անցկացնել Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։ Կուլիսներում համակարգողները հայտարարել են, որ «Մեր ձևովը» քաղաքական ուժի, այսինքն՝ կուսակցության կամ դաշինքի վերածելու գործընթացը կարող է սկսվել հունվարին։ Հետևաբար, խումբը կկարողանա մասնակցել հաջորդ ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին. գրել է Известия-ն։

Վերջին տարիներին Հայաստանի տարբեր ընդդիմադիր ուժեր փորձել են մարտահրավեր նետել գործող կառավարությանը։ Երկար ժամանակ առաջնագծում էին, այսպես կոչված, նախկին առաջնորդները՝ նրանք, ովքեր երկիրը ղեկավարել են մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, հիմնականում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Նրանք ակտիվորեն քննադատել են իշխող թիմին՝ մի շարք տնտեսական որոշումների, ինչպես նաև Ռուսաստանից հեռանալու համար։ Քննադատությունը գագաթնակետին է հասել 44-օրյա պատերազմում հայկական ուժերի պարտությունից հետո, որի արդյունքում՝ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Ղարաբաղի զգալի մասի նկատմամբ։ Այնուհետև հայկական ընդդիմությունը մի շարք փողոցային բողոքի ցույցեր է կազմակերպել և ապահովել արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2021 թվականի հունիսին։ Սակայն, վերջիվերջո, քվեարկությունը հանգեցրել է ընդդիմության պարտության. իշխող կուսակցությունը ստացել է ձայների կեսից ավելին և հարմարավետորեն պահպանել իշխանությունը։

Սակայն ցուցարարները չեն հանձնվել։ Սկզբում նրանք փորձել են բողոքարկել արդյունքները Սահմանադրական դատարանի միջոցով, սակայն անհաջողության են մատնվել։ Ավելի ուշ նրանք սկսել են նոր զանգվածային բողոքի ցույցեր, որոնք շարունակվել են մինչև 2022 թվականի ամառը։ Այս բողոքի ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ շրջափակել են Փաշինյանի նստավայրը, և հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Այդուամենայնիվ, իրավիճակն աստիճանաբար հանդարտվել է։

Անցյալ գարնանը բողոքի նոր ալիք է բռնկվել։ Պատճառը երկրի հյուսիսում Ադրբեջանի հետ սահմանազատումն էր, որն, ըստ ընդդիմության, տարածքի հանձնում էր։ Նոր բողոքի շարժումը գլխավորում էին ոչ թե պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներն, այլ հայ եկեղեցու առաջնորդները։ Ամենաակնառու դեմքը Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էր։ Շարժմանն աջակցել է նաև կենտրոնական եկեղեցու ղեկավարությունը, իսկ Գարեգին II կաթողիկոսը օրհնել է փողոցային բողոքի ցույցերը: Այս ալիքը, սակայն, աստիճանաբար մարել է, չնայած կառավարության և եկեղեցու միջև լարվածությունը շարունակվել է։ Արդեն այս ամռանը Հայաստանի անվտանգության ուժերը հայտնել են երկրում դավադրության բացահայտման մասին և ձերբակալել Բագրատ արքեխիսկոպոս Գալստանյանին և մեկ այլ արքեպիսկոպոսի՝ Միքայել Աջապահյանին։

Հենց այս ֆոնին էլ Սամվել Կարապետյանը հստակեցրել է իր դիրքորոշումը։ Հարցազրույցում նա պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով իշխանությունների հարձակումներին յուրահատուկ ձևով արձագանքելու իր պատրաստակամությունը։ Հետագայում նա հայտնվել է ճաղերի հետևում։ Բանտում նա հայտարարել է իր սեփական քաղաքական շարժման ստեղծման մասին, որը նկարագրել է որպես սկզբունքորեն նոր ընդդիմադիր ուժ։

Հաջորդ տարվա հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, և մրցավազքը, ինչպես սպասվում է, չափազանց թեժ կլինի։

Սոցիոլոգները կարծում են, որ այս անգամ ընդդիմությունն ունի լավ հնարավորություն։ Հետազոտողները գրանցում են կառավարության և խորհրդարանի նկատմամբ անվստահության բարձր մակարդակ և իշխող կուսակցության ցածր վարկանիշ։ Ավելին, երկրի նախկին առաջնորդները նույնպես ժողովրդականություն չեն վայելում, ինչը ստեղծում է երրորդ ուժի պահանջարկ։

Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևի խոսքով՝ դժվար է որևէ վերջնական բան ասել նոր շարժման մասին։

«Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունն ունի գերազանց ֆինանսական աջակցություն, բայց դեռևս տեսանելի սոցիալական հենք չկա։ Մենք հստակ ծրագիր չենք տեսնում, ոչ էլ տեղյակ ենք նպատակներից, խնդիրներից կամ գաղափարախոսական շրջանակից։ Հետևաբար, դժվար է խոսել դրա հեռանկարների մասին։ Նաև նշում եմ, որ հայտարարվել է Սամվել Կարապետյանի աջակցության արշավ։ Իմ կարծիքով՝ սա սխալ է. մենք պետք է կենտրոնանանք գաղափարի, այլ ոչ թե անհատի վրա»,- նշում է նա։

Մասնագետը հավելում է, որ ընտրություններն իսկապես դժվար են լինելու իշխող թիմի համար։

«Փաշինյանի գլխավոր խնդիրն այն է, որ հարևանների հետ հաշտեցման և Հայաստանի սահմանների ապաշրջափակման նրա ծրագիրը կանգ է առնում։ Երևանը զգալի զիջումներ է արել Ադրբեջանին և Թուրքիային, բայց մինչ այժմ դրանք քաղաքական կամ տնտեսական առումով՝ արդյունք չեն տվել, և մենք որևէ էական արդյունք չենք տեսել տեղում։ Եթե այսպես շարունակվի, ընդդիմությունը լուրջ ընտրական փաստարկներ կունենա իր ձեռքում», – ընդգծել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026