03 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»․ քաղաքագետ

Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»․ քաղաքագետ

Չի կարելի արագ մոռանալ Շաքիի «դեպքը» և իշխանությանը դուրս թողնել խորը վերահսկողության ու պատասխանատվության դաշտից՝ նորից տրվելով նրա թելադրած հերթական նարատիվներին ու օրակարգերին. սոցցանցի իր էջում գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Այսօր դա կարող է լինել «աղոթքի նախաճաշը», վաղը՝ մեկ այլ թեմա։ Բայց Շաքին պետք է մնա հանրային ու քաղաքական ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա ոչ միայն կատարվածը, այլև պետության չարածի քաղաքական ամբողջ պատկերը։

Շաքին մեկ ադրբեջանցի զինծառայողի պատմություն չէ։ Այն պետական կարողության թեստ էր, որի վերջում ունենք ամենադաժան արդյունքը՝ ադրբեջանցի զինված զինծառայող, հայկական գյուղ, ընտանիքի տուն, մայր, երեխաներ և կրակոց։ Կառույցները կան, լիազորությունները կան, պաշտոնյաները կան, հաղորդագրությունները կան․ ամենը կա, բայց չկա արդյունքը՝ պաշտպանված մարդը։

Անվտանգային համակարգը հենց նրա համար է համակարգ, որ մի օղակի բացթողումը կարողանա փակել մյուսը։ Սահմանին չկանգնեցված վտանգը պետք է հայտնաբերվի երկրի ներսում, ստացված տեղեկությունը պետք է վերածվի սպառնալիքի գնահատման, գնահատումը՝ համադրված գործողության, իսկ գործողությունը՝ պաշտպանության։ Շաքիում այդ շղթայի վերջում եղել է ոչ թե չեզոքացված վտանգը, այլ սեփական տանը զինված ադրբեջանցի զինծառայողի հանդիպած, պատանդառված և գնդակահարված ընտանիքը։

Առավել ծանր է այն, որ ենթադրենք, թե պետությունը, իր իսկ պաշտոնական վարկածով, հնարավոր վտանգի մասին նախապես տեղեկացված է եղել։ Ուրեմն այստեղ խոսքը միայն սահմանային վերահսկողության մասին չէ։ Խոսքը նախապես հայտնի հնարավոր սպառնալիքը կառավարելու պետական կարողության մասին է։ Տեղեկությունը եղել է, որոնումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է, բայց վերջնական արդյունքը եղել է կրակոց հայկական ընտանիքի տանը։

Այստեղ է հիմնական քաղաքական չափանիշը․ անվտանգության ապահովմամբ իսկապես մտահոգ պետությունը նախապես ստացված տեղեկությունը կվերածեր իրական պաշտպանական կարողության, կաշխատեր վատագույն սցենարի հաշվարկով, վտանգի հնարավոր գոտում կբարձրացներ պաշտպանվածության մակարդակը և քաղաքացուն չէր թողնի որպես անվտանգության վերջին օղակ։

Մեզ մոտ ստացվեց հակառակ հերթականությունը․ նախ վտանգը հասավ մորն ու երեխաներին, հետո պետությունը սկսեց հանրությանը պատմել, թե մինչ այդ ինչ գիտեր այդ վտանգի մասին, իսկ վերջին ակորդը «ֆեստիվառային» քաղաքականության պատանդ գյուղապետի գնահատականներն էին:

Սա այլևս պարզապես վատ հաղորդակցություն չէ։ Սա կառավարման մտածողության խնդիր է։ Օպերատիվ գաղտնիությունն անհրաժեշտություն է, բայց օպերատիվ գաղտնիությունն ու անվտանգային լռությունը նույն բանը չեն։ Երբ պետությունը գիտի հնարավոր զինված ներթափանցման մասին, հանրությունը դրա մասին տեղեկանում է արդեն վտանգի իրացումից հետո, այն էլ ոչ պետական խողովակներով, իսկ պետական բացատրությունը գալիս է որպես կատարվածի մեկնաբանություն, առաջանում է շատ ավելի խոր խնդիր՝ անվտանգության ապահովման փոխարեն պետության համար փաստորեն ավելի կարևոր է բացակայող անվտանգության տեղեկատվական կառավարումը։

Եվ հենց այստեղ է Շաքին միանում այն բանաձևին, որով բնութագրվում է այս կառավարման քաղաքական տրամաբանությունը՝ «ֆեստիվառ»՝ անվտանգության փոխարեն, պոպուլիզմ՝ գիտահեն կառավարման փոխարեն։

«Ֆեստիվառը» այստեղ պարզապես հեգնական բառ չէ։ Դա կառավարման մտածողություն է՝ իրականությունը փոխելու փոխարեն կառավարել դրա հանրային ընկալումը, պետական կարողության պակասը փոխհատուցել լավատեսական պատմությամբ, իսկ քաղաքական արդյունավետությունը չափել հասարակության տրամադրությունները կառավարելու կարողությամբ»,- նշում է քաղքագետը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ