
55 ծառ, մեկ այգի ու մի մեծ կարոտ․ Ժորա պապիկի դրախտը՝ Արաքսի ափին
Ավելի քան չորս տասնամյակ Պետերբուրգում ապրելուց հետո Ժորա Սարգսյանը վերադարձել է Մեղրի՝ մանկության երազանքն իրականություն դարձնելու։ Արաքսի ափին՝ քարքարոտ ու փշոտ տարածքում, նա այգի է հիմնել, տաղավար կառուցել ու իր շուրջը ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ծառ պատմություն ունի, իսկ ամեն այցելու՝ իր տեղը։ Բայց այս փոքրիկ դրախտում կա մի ցավ, որ նույնիսկ ամենալավ պտուղներով լի այգին չի կարող մեղմել․ Արցախը։
Արաքսի երկու ափերին կյանքն իր սովորական ընթացքով է։ Մի ափին՝ Ժորա պապիկը, մյուսում՝ նրա հարևան Մուհամմեդը։ Իրար չեն կարող հաճախ այցելել, բայց ձայն տալ, զրուցել ու միմյանց ներկայությունը զգալ՝ կարող են։ Ժորա պապիկը կանչում է, սպասում պատասխանին, հետո ժպտում՝ հարևանը դարձյալ քնած է։
Մենակ ապրող մարդու համար գետի մյուս կողմում ապրող հարևանը պարզապես հարևան չէ։ Նա ամենօրյա զրույցի ընկեր է, օրվա լուռ ընթացքը կիսող մեկը։
Ժորա Սարգսյանին դեռ մանկուց են Կազակ անվանել։ Հետպատերազմյան Մեղրիում ցուցադրված «Կուբանի կազակները» ֆիլմի հերոսներից ոգեշնչված՝ ընկերները այդ մականունն են տվել ութամյա տղային։ Նա աշխույժ էր, համարձակ, ընկերներին իր հետևից տանող։ Երեխաները միասին վազում էին սարերով, մտնում կոլտնտեսության այգիներն ու դաշտերը՝ մի կերպ քաղցը հագեցնելու համար։
Ժորան հորը երբեք չի տեսել․ նա մեկնել էր ռազմաճակատ ու անհետ կորել։ Այրիացած մայրը Կարճևանից տեղափոխվել էր Մեղրի և աշխատանքի անցել պահածոների գործարանում։ Ընտանիքը դժվարությամբ էր ապրում, ուտելիքը հազիվ էր բավականացնում։
Գուցե հենց այդ տարիներին էլ ծնվել էր սեփական այգին ունենալու երազանքը։ Մի վայր, որտեղ առատություն կլինի, ծառերը պտուղ կտան, իսկ մարդիկ կկարողանան վայելել բնությունն ու խաղաղությունը։
1960-ականների վերջին Ժորան մեկնել է Պետերբուրգ։ Մտածում էր՝ մի որոշ ժամանակ կապրի, հետո կվերադառնա։ Բայց ժամանակավոր մնալը վերածվել է տասնամյակների։ Այնտեղ ընտանիք է կազմել, աշխատել, նոր կյանք կառուցել։ Այդուհանդերձ, հայրենի Մեղրին չի դադարել նրա համար հարազատ անկյուն մնալ։
2011 թվականին որոշել է վերադառնալ։ Տունը կառուցելու համար ընտրել է հենց այն բարձրունքը, որը մանկուց սիրել էր՝ Արաքսի ափին։ Իսկ շուրջը, քարերի ու փշերի փոխարեն, այգի է հիմնել։
Այսօր այստեղ աճում են տասնյակ ծառատեսակներ ու բույսեր։ Ժորա պապիկը թվարկում է դրանք այնպես, կարծես ներկայացնում է ընտանիքի անդամներին։ Ասում է՝ այգում արդեն 55 ծառ ունի, և յուրաքանչյուրն իրենն է՝ իր խնամքով, իր սպասումով, իր պատմությամբ։
Ժորա պապը ծառերը պարզապես չի տնկում։ Նա նրանց հետ խոսում է, քաջալերում, կարծես իր հոգատարությամբ փորձում է օգնել, որ յուրաքանչյուր տնկի արմատավորվի ու մեծանա։
«Եթե նոր ծառ եմ տնկում, հետը զրույց եմ անում, ասում եմ՝ կպե՛ք, լավ ծառ դառնաք»,– պատմում է նա։
Այգու արահետներով քայլելիս անսպասելիորեն հայտնվում ես մի աշխարհում, որտեղ թզենիների, նռնենիների ու մյուս ծառերի կողքին ծաղիկներ են աճում, իսկ յուրաքանչյուր անկյուն կարծես իր գաղտնիքն ունի։ Այստեղ նաև տաղավար կա, որը Ժորա պապիկն անվանել է Պետերբուրգ՝ իր կյանքի մի մեծ հատվածի հիշատակով։
Իսկ քնարանում քամին իր առանձին պատմությունն ունի։ Երբ ուժեղ քամին փչում է, անկողինն ասես նավակի պես ճոճվում է։ Ժորա պապիկը նկարագրում է այդ զգացողությունը՝ ժպիտով, ինչպես մեկը, ով նույնիսկ քամու մեջ կարողանում է իր երևակայության համար տեղ գտնել։
Այգին նրա համար միայն գեղեցիկ վայր չէ։ Այն սեփական ձեռքերով ստեղծած աշխարհ է, որտեղ կարող է հյուրեր ընդունել, պատմություններ պատմել, պտուղ հյուրասիրել ու մարդկանց հետ կիսել իր ունեցածը։ Մենակ է ապրում, բայց միայնության մեջ էլ իր առօրյան լցրել է մարդկանցով։
Ժորա պապիկն ասում է՝ երկարակեցությունը միայն տարիների թիվը չէ։ Կարևոր է, թե ինչպես ես ապրում, ինչպես ես վերաբերվում մարդկանց ու ինչ ես թողնում քեզնից հետո։
«Վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ վարվեն քեզ հետ»,- նրա կյանքի պարզ, բայց անփոփոխ կանոնն է։
Փոքր տարիքում կռվարար է եղել, հիշում է՝ հաճախ նկատողություն է արել նրանց, ովքեր ծառի ճյուղ էին կոտրում, խակ պտուղ քաղում կամ աղբ թափում։ Ընկերները կատակել են, թե այդ բնավորությամբ երկար չի ապրի։ Հիմա, ասում է, նրանցից շատերն արդեն չկան, ինքն է այցելում նրանց գերեզմաններին։
Իսկ իր օրերը շարունակում է լցնել աշխատանքով, հյուրերով ու նոր ծրագրերով։ Այգում միշտ անելիք կա։ Մի ծառ է պետք խնամել, մյուսի պտուղը հավաքել, մեկ ուրիշի համար
տեղ գտնել։
Նա դեռ ուզում է ինչ-որ բան անել Հայաստանի համար։ Բայց նրա մտքում կա մի ցավ, որը չի մարում։
«Արցախի կորուստն իմ կյանքում ամենադաժանն է, ամենացավոտն է, ամենատանջալին»,- ասում է Ժորա Սարգսյանը։
Նա արցախցիների մասին խոսում է ջերմությամբ ու հուզմունքով։ Ասում է՝ ցավում է, որ մարդիկ ցրվել են աշխարհով մեկ, որ հայրենիքի կորուստն այդքան շատ կյանքեր է փոխել։ Նրա խոսքում կարոտը միայն անցյալի հիշողություն չէ. այն նաև ներկայի ցավն է, որի հետ ստիպված է ապրել։
Ավելի քան տասը տարի է պահանջվել, որ քարքարոտ տարածքը դառնա կանաչ ու բերքատու այգի։ Ժորա պապիկը գիտի՝ ոչինչ միանգամից չի աճում։ Հողը պետք է մաքրել, ծառը՝ տնկել ու խնամել, հետո համբերությամբ սպասել պտղին։
Գուցե հենց այդ փորձից է ծնվում նաև նրա ցանկությունը՝ տեսնել Հայաստանը ծաղկած ու ուժեղ։ Բայց դրա համար, նրա համոզմամբ, հայերը պետք է միավորվեն, դադարեն իրար դեմ պայքարելուց և սովորեն հենվել սեփական ուժերի վրա։
«Մենք պիտի պատրաստ լինենք մեզ պաշտպանելու համար, հույսներս սրա-նրա վրա չդնենք»,- ասում է նա։
Ժորա Սարգսյանի համար հայրենիքի մասին մտածելը վերացական գաղափար չէ։ Դա նույն հոգատարությունն է, որով ծառ է տնկում, հողը մաքրում, հյուրի համար սեղան պատրաստում։ Նրա պատկերացրած Հայաստանը նույնպես պիտի խնամվի, ամրանա ու պտուղ տա։
Սվետլանա Պետրոսյան




