
Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ սա է իմ և Պուտինի տարբերությունը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների տարբերությանը։
«Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում։ Սա է իմ և Պուտինի տարբերությունը»,- հայտարարել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում Կիևը «քաղաքական թատրոն» չի խաղա։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նախընտրում է ուղղակի և ազնիվ երկխոսությունը։ Նա նշել է, որ Թրամփի և Պուտինի միջև բավականին լավ հարաբերություններ են ձևավորված, սակայն դա ամերիկյան կողմի անձնական ընտրությունն է։ Զելենսկին շեշտել է, որ իսկական դաշնակիցները պետք է լինեն ազնիվ և բաց, ինչպես ընտանիքում, այլ ոչ թե քաղաքական խաղեր տան։
Հարցազրույցում Զելենսկին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական ու ֆինանսական աջակցությանը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան անչափ շնորհակալ է ամերիկացի ժողովրդին և բոլոր գործընկերներին ցուցաբերած օգնության համար, սակայն կարիք չկա դա մշտապես «ցուցադրական» ձևով ապացուցելու։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը վերահաստատել է Կիևի պատրաստակամությունը՝ շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Ուկրաինան երբեք իրավականորեն չի ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական և չի համաձայնի լրացուցիչ զիջումների։


