24 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տանջալից ստերջացում՝ միլիոնների պայմանագրերի դիմաց

Տանջալից ստերջացում՝ միլիոնների պայմանագրերի դիմաց

Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում թափառող կենդանիներին ստերջացնում են դաժան պայմաններում՝ առանց պատշաճ անզգայացման։ Կենդանիներին վիրահատում են անմիջապես ֆուրգոնի հատակին, ոչ ստերիլ և կեղտոտ պայմաններում, բոլորին միաժամանակ, ինչը մեծացնում է վարակի տարածման ռիսկը։ Շներին ներարկվում է «Քսիլազին» դեղամիջոցը, որն անշարժացնում է մկանները, սակայն ամբողջությամբ չի ցավազրկում․ կենդանիները վիրահատության ողջ ընթացքում զգում են սուր և տանջալից ցավ։ Ուսումնասիրությունն իրականացրել է «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանը և փորձաքննություն պատվիրել «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայից։ Արդյունքները խիստ մտահոգիչ են եղել։

«Կենդանիները (ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ անմիջապես հետո) զանգվածաբար կուտակված են ԳԱԶ 2705 ֆուրգոնի կեղտոտ հատակին:

Բացակայում են անհատական վանդակները: Դեղորայքային քնի մեջ գտնվող շները պառկած են միմյանց վրա կամ միմյանց սեղմված։

Արձանագրվել է որսի կոշտ միջոցների կիրառում (երկար օղակով սեղմում արդյունաբերական տարածքի հատակին), ինչը առաջացնում է սուր սթրես և վնասվածքների ռիսկ», - արձանագրել է «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկան:

Սյունիքից Շիրակ՝ բոլոր համայնքային մրցույթներում հաղթում են 2 հիմնական ընկերություններ՝ «Վերոնիկա Հակոբյան Անդրանիկի» ԱՁ և «Նորոգում» ՍՊԸ․ վերջինս փոխկապակցված է 6 այլ ընկերությունների հետ։

Տանջալից ստերջացում՝ միլիոնների պայմանագրերի դիմաց

ՊՎԾ-ն արձանագրել է, ներառված լինելով գնումների գործընթացում, այս ընկերությունները խախտել են այլ մասնակիցների օրինական իրավունքները։ Թերեզա Գալստյանը պարզել է, որ ստերջացում իրականացնող ընկերությունները ղեկավարվում են մեկ կենտրոնից։

«Նորոգում ՍՊ-ի տնօրենը փաստացի, այս պահի դրությամբ տնօրենը չի ղեկավարում այդ ընկերությունը, երբ որ մենք զանգահարում ենք, որպես տնօրենի հետ, որպես մասնակից զրուցենք, մեզ պատասխանում է այնպիսի անձ, որը որ պատասխանել է բոլոր մյուս ընկերությունների հետ, այսինքն, հարաբերություններում ու ներկայացել է որպես տնօրեն տվյալ ընկերության, այսինքն, փաստացի իր կողմից վերահսկվում է տվյալ բոլոր ընկերությունների գործունեությունը, օրինակ, Global Solar System, ինքը արևային վահանակների վաճառքով զբաղվող ընկերություն է, բայց Հրազդանում տենդեր է իրականացրել, վճարվել է, որի մասով մենք ևս բացասական դիրքորոշում ենք հայտնել, դրանից առաջ սև ցուցակում գտնվող, օրինակ, Կումնի, Նիկում ՍՊ, Ադելշին ՍՊԸ։ Այդ բոլոր ընկերությունների, մեկի տնօրենը մյուս ընկերության հաշվապահն է, մյուսի հաշվապահը այն մյուս ընկերության տնօրենը, այսպես փոխկապակցված են մեկը մյուսին», - մանրամասնում է Գալստյանը։

Տանջալից ստերջացում՝ միլիոնների պայմանագրերի դիմաց

Մասիսի համայնքապետարանը մեկն է տասնյակ համայնքներից, որ օգտվել է «Նորոգում» ՍՊԸ-ի ծառայություններից։ 11 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիրը նախորդ տարի է կնքվել՝ 2026-ի 12 ամիսներին շների ստերջացման համար։ Համայքապետարանում Նորոգում ՍՊԸ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությունը Թերեզա Գալստյանի հետ են իրականացրել ու պարզել, որ բոլոր քաշի և ցեղատեսակների շների դիմաց նշված է նույն քանակի՝ 10 գրամ դեղամիջոց, բոլորի համար նշվել է սրտի նույն աշխատանքը, նույն կլինիկական ախտանիշները։

Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչության պետ Սուրեն Ամիրջանյանը պատմում է՝ չեն վճարել ծառայության համար, քանի որ պատշաճ ծառայություն չի մատուցվել․ արդյունքում՝ դատական գործ է հարուցվել․

«Եթե չեմ սխալվում, մասի քննչական բաժնում քրեական գործ կա հարուցված։ Այս վերջում գրություն եմ ստանում ես, որ «Նորոգում» ընկերությունը շահել է դատը, իսկ մենք պարտավորվում ենք վճարել», - պատմում է Ամիրջանյանը։

Մասիս համայնքին դատարանը պարտավորեցրել է վճարել 100-120 շան համար նախատեսված մոտ 1 միլիոն դրամը։ Համայնքը 2021-ից է ստերջացնում իր կազմում գտնվող 26 բնակավայրերի կենդանիներին։ Նորոգում ՍՊԸ-ի հետ ունեցած վատ փորձից հետո համագործակցում է Երևանի քաղաքապետարանի ներքո գործող «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնի» հետ։ Կազմակերպությունն ազատ է մասնակցել մրցույթների նաև այլ համայնքներում։ Մասիսում այս տարի ստերջացվող կենդանիների սահմանված թվաքանակը 1000 է։

Չնայած ստերջացման գործընթացն իրականացվում է, Ամիրջանյանն ընդունում է՝ թափառող շների հարցը համայնքի լրջագույն խնդիրներից մեկն է․ անկառավարելի միգրացիայի ու բազմացման պատճառով շների թվաքանակը չի պակասում։ Իրավապաշտպանը սա կապում է համայնքների չհամակարգված աշխատանքի հետ։ Միջազգային հաջողված փորձը ցույց է տալիս՝ պետք է հստակ հաշվարկ ունենալ՝ յուրաքանչյուր տարածքում քանի՞ թափառող կենդանի կա, ամսվա ընթացքում քանի՞ շուն պետք է ստերջացվի՝ թվաքանակը պակասեցնելու համար, իսկ մեր համայնքներում որոշ դեպքերում անգամ հստակ հաշվարկ չկա։

«Հարց եմ ուղղում համայնքների ներկայացուցիչներին՝ պայմանական ընդունենք 1200 կենդանի ունեք, ինչո՞ւ եք այդ դեպքում 400 կենդանու տենդեր հայտարարել, այն էլ մեկ տարվա կտրվածքով, ասում են՝ դե այդքան է մեր գումարը այս տարի։ Ասում եմ՝ դուք հասկանո՞ւմ եք որ այդ 400 կենդանին ստերջացումը, եթե ինչ-որ մեկը բարեխիղճ ձևով, ամբողջ ծավալով կատարի, միևնույնն է՝ մնացած 800 կենդանին բազմանալու են մեկ տարվա ընթացքում», - ասում է իրավապաշտպանը։

Չհամակարգված աշխատանքից զատ համայքներն ունեն մեկ այլ խնդիր ևս։ Յուրաքանչյուր համայնք ինքն է պատվիրատուն և պատավորություն է կրում իր ծախսած միլիոնների դիմաց մատակարարից պահանջել ծառայությունների պատշաճ մատուցում և հաշվետվություն։ Գործընթացը համայնքներում շատ հաճախ ձևական բնույթ է կրում։ Ոլորտի խնդիրներն ուսումնասիրած իրավապաշտպանն արձանագրում է՝ համայնքապետարանները իրենք են խոստովանում՝ չունեն գնումների գործընթացը վերահսկող համապատասխան մասնագետներ։

2026-ի դրությամբ միայն Նորոգում ընկերության հետ միայն 5 համայնք կնքել է ընդհանուր 31 միլիոն դրամի պայմանագրեր։ Արդյունքը գրեթե զրոյական է՝ բոլոր օղակներում, արձանագրում են մասնագետները․ համայնքներում չկան վերահսկողության միջոցներ, մատակարարները չեն ապահովում բարեխիղճ վերաբերմունք և պատշաճ պայմաններ։ Փոխարենը՝ հանրային վերահսկողն արձանագրում է քրեական իրավախախտումներ՝ խարդախության, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման հատկանիշներով։

Սեդա Կյուրեղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ