
Ռուսական անօդաչու թռչող սարքերի խոցումը Լեհաստանի կողմից նշանավորում է առաջին դեպքը, երբ ՆԱՏՕ-ի անդամը կրակ է բացել ուկրաինական պատերազմում
Լեհաստանի կողմից իր օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի խոցումը առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը կրակ է արձակել ուկրաինական հակամարտության ընթացքում․ գրում է Reuters գործակալությունը։
Լեհաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ օդային հարձակման ժամանակ իր օդային տարածք էր ներխուժել 19 օբյեկտ, և որ խոցվել են սպառնալիք ներկայացնողները։ Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ակտիվացրել է ՆԱՏՕ-ի պայմանագրի չորրորդ հոդվածը, որի համաձայն դաշինքի անդամները կարող են պահանջել խորհրդակցություններ իրենց դաշնակիցների հետ։ «Մենք գործ ունենք լայնածավալ սադրանքի հետ։ Մենք պատրաստ ենք հետ մղել նման սադրանքները։ Իրավիճակը լուրջ է, և ոչ ոք չի կասկածում, որ մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,- ասել է Տուսկը։
Ռուսական «РИА Новости» պետական լրատվական գործակալությունը, մեջբերելով ռուս դիվանագետի խոսքերը, նշել է, որ ներխուժման մասին մեղադրանքները «անհիմն» են՝ հավելելով, որ Լեհաստանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ խոցված անօդաչու թռչող սարքերը ռուսական ծագում ունեն։
«Մեր անվտանգությանը սպառնացող անօդաչու թռչող սարքերի խոցումը Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի համար հաջողություն է, որը միաժամանակ փոխում է քաղաքական իրավիճակը»,- ասել է Տուսկը։