
ԵՄ ամենահարուստ երկրները գաղտնի հանդիպում կունենան Վիեննայում՝ կառույցի բյուջեի շուրջ բանակցություններ վարելու համար․ Politico
Հյուսիսային Եվրոպայի երկրները հավաքվելու են սեպտեմբերի 11-ին Վիեննայում՝ ԵՄ-ի հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ երկամյա լարված բանակցություններից առաջ ընդհանուր ճակատ ձևավորելու համար․ գրել է Politico-ն։
Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ի ավելի հարուստ երկրների՝ այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և սկանդինավյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվելու են նույն սենյակում՝ Եվրոպական հանձնաժողովի վիճահարույց 1.816 տրիլիոն եվրո բյուջեի առաջարկի վերաբերյալ ռազմավարություն մշակելու համար։
Նպատակն է բանակցություններից առաջ ստեղծել դաշինք այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լեհաստանը, Իսպանիան և Իտալիան, որոնք կողմ են ավելի մեծ ծախսերին, մասնավորապես՝ գյուղատնտեսության և աղքատ տարածաշրջանների ֆինանսավորմանը։
Մյուս կողմում են հարուստ, «զուտ վճարող» երկրները՝ Շվեդիայից մինչև Ֆրանսիա, որոնք ավելի շատ են ներդրում կատարում, քան ստանում ԵՄ բյուջեից և ընդհանուր առմամբ՝ կողմ են ավելի քիչ դրամական միջոցների։
Յուրաքանչյուր ճամբարում կան ակնհայտ տարբերություններ։ Օրինակ՝ զուտ վճարող Ֆրանսիան և Նիդեռլանդները խիստ տարբեր օրակարգեր ունեն այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին է ԵՄ պարտքի մակարդակը, որին Փարիզը կողմ է, իսկ Հաագան՝ դեմ։
Գյուղատնտեսական սուբսիդիաների հարցում Ֆրանսիան ավելի շատ համակարծիք է բարձր ծախսեր կատարող Լեհաստանի հետ, քան իր սեփական ճամբարի անդամների հետ։
Սակայն երկրները փորձում են լուծել նման տարաձայնություններն իրենց համապատասխան ճամբարների շրջանակներում, որտեղ նրանք համաձայնվում են հիմնական դիրքորոշումների շուրջ, ինչպիսիք են բյուջեի ընդհանուր չափը։ Հինգշաբթի օրը Վիեննայում կայանալիք խմբի նիստը կղեկավարեն ԵՄ երկու հզոր տերությունները՝ Գերմանիան և Ֆրանսիան։
Մյուս ճամբարում սովորաբար առաջատար դիրք է գրավում Լեհաստանը՝ որպես ԵՄ բյուջեից ամենաշատ գումար ստացող երկիր։