12 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
1-02-ը զանգերին չի պատասխանում. ՆԳՆ պարզաբանումը

1-02-ը զանգերին չի պատասխանում. ՆԳՆ պարզաբանումը

Սեպտեմբերի 11-ին Factor TV-ի տնօրեն Արևիկ Սահակյանը Պուշկին փողոցում ականատեսը լինելով զանգվածային ծեծկռտուքի, որի ժամանակ մոտ մեկ րոպե փակվել էր փողոցի երթևեկելի հատվածը, զանգահարել էր Ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարով:

Արևիկ Սահակյանի խոսքով, դեպքից առաջ էլ  նույն փողոցում, փաբերից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով գոռգոռոցներ էր հնչել ու  հրմշտոց սկսվել, որին էլ հաջորդել էր հայհոյելու փուլը՝ մոտ քսան րոպե կամ ավելի։

«Բայց երբ արդեն սկսեցին  իրար ծեծել, զանգեցի ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն և պատկերացրեք՝ զանգս մնաց անպատասխան։ Այս ընթացում ծեծկռտուքի մասնակիցները փողոցը բացեցին և շարժվեցին տարբեր ուղղություններով, հընթացս մի մասնակիցը սպառնաց՝ «Գևորիկ վիզդ կտրելու եմ»։  Ահա այս ամենից հետո ինձ քաղաքային համարից զանգ է գալիս, թե բա՝ զանգել էիք Ոստիկանություն, բայց գիծը ծանրաբեռնված էր։ Հը՞ն, Ոստիկանության 1-02 հեռախոսահամարը ծանրաբեռնվա՞ծ էր։ Այսինքն՝ Աստված չանի, կարող է մարդը վերջին շանսն ուներ, զանգում էր 1-02 հայտնելու, որ իր տուն հանցագործ է մտել կամ սպառնում է ու դուք փոխանակ արդեն առաջին իսկ զանգից հետո վերցնեք լսափողը,  անպատասխա՞ն եք թողնում։ Սա ուղղակի  խայտառակություն է»,- գրել է Արևիկ Սահակյանը, դիմելով ՆԳ նախարար Արփի Սարգսյանին:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ միայն սեպտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է մոտ 3500 ահազանգ։

«Լինում են դեպքեր, երբ բոլոր օպերատորները զանգերի են պատասխանում և  օբյեկտիվորեն հնարավորություն չի լինում հենց այդ պահին պատասխանել զանգին։ Զուգահեռ ցանկանում եմ նշել, որ անպատասխան զանգ չի լինում և օպերատորը րոպեների ընթացքում կապվում է զանգահարած քաղաքացու հետ։ Ի դեպ, սա ընդունված մոտեցում է նաև այլ երկրների դեպքում»,-ասաց  Սարգսյանը:

Նրա խոսքով, քաղաքացի Սահակյանի դեպքում զանգը ՆԳՆ ոստիկանություն եղել է 23։45, 46 վայրկյան սպասելուց հետո զանգը անջատվել է զանգահարողի կողմից, ապա 23։47 ՆԳՆ ոստիկանության կողմից եղել է հետզանգը։

«Հետզանգը նույնպես ձայնագրվում է, և տվյալ դեպքում նույնպես քաղաքացու զանգը պատշաճ սպասարկվել է, տրվել է ընթացք: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին և հենց այս պահին էլ ակտիվ գործողություններ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները և մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ ակտիվ փուլում է ՆԳՆ միասնական զանգերի կենտրոնի ձևավորման գործընթացը։ Այս կենտրոնում կմեկտեղվեն Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը, հետագայում նաև Շտապօգնության զանգերը։ Տեխնիկական  համալրվածության առումով նույնպես կլինեն բարելավումներ՝ նման դեպքերը բացառելու նպատակով։

Ռազմագերիներ