
Վրաստանն ամբողջությամբ մարել է իր պարտքը Հայաստանին, Ադրբեջանին և ՌԴ-ին․ ТАСС
Վրաստանն ամբողջությամբ մարել է երկար տարիների պարտքը Ռուսաստանին։ Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները, որոնք վերլուծել է ТАСС-ը։
Ֆինանսների նախարարության՝ օգոստոսի վերջին հրապարակած տվյալներում առաջին անգամ Ռուսաստանի նկատմամբ արտաքին պետական պարտքի չափը ներկայացնող սյունակում նշվել է գծիկ։ Նախորդ ամիսներին այն մնացել էր կայուն՝ 3,997 միլիոն դոլար։ Այս ցուցանիշի վերջին փոփոխությունը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի վերջին, երբ Վրաստանի՝ Ռուսաստանի նկատմամբ պարտքը կիսով չափ կրճատվել էր՝ 7,87 միլիոն դոլարից հասնելով 3,997 միլիոն դոլարի։ Նախկինում պարտքը նվազել էր մեկ տարի առաջ՝ 2024 թվականի օգոստոսին կիսով չափ կրճատվելով՝ 11,618 միլիոն դոլարից հասնելով 7,87 միլիոն դոլարի։
Երկրի արտաքին պարտքի վերաբերյալ տվյալները 2003 թվականից ի վեր հասանելի են Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում։
Վրաստանի ընդհանուր պետական պարտքն այս տարվա օգոստոսի վերջին կազմել է 9,09 միլիարդ դոլար, ինչը մեկ ամսվա ընթացքում նվազել է 50 միլիոն դոլարով։ Երկրների շարքում Վրաստանն ամենաշատը՝ 850,9 միլիոն դոլար, պարտք ունի Ֆրանսիային։ Ռուսաստանից բացի՝ օգոստոսին Վրաստանը նաև ամբողջությամբ մարել է իր պարտքը Հայաստանին և Ադրբեջանին, որոնք վերջերս մոտավորապես հավասար էին և կազմում էին 1 միլիոն դոլարից պակաս։