
Խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ խոչընդոտը կարող է լինել ՀՀ Սահմանադրությունը․ Ադրբեջանի պատվիրակը՝ Երևանում
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ամբողջովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում լրագրողներին ասել է Ադրբեջանի պատվիրակ Մուրադ Մուրադովը։
«Մենք վստահ ենք, որ ժողովուրդները դեմ են հակամարտությանը և պատրաստակամ են սկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը»,– ասել է նա:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ խոչընդոտը, ըստ նրա, կարող է հանդիսանալ ՀՀ Սահմանադրությունը, որը «տարածքային պահանջներ է պարունակում»։ Ադրբեջանի պատվիրակի խոսքով՝ Ադրբեջանի սահմանադրությունը «նման պահանջներ չի պարունակում»։
Հարցին՝ արդյոք պատրաստվում է Բաքուն, ի նշան խաղաղության, Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավին ու մյուս գերիներին, ադրբեջանցի պատվիրակը պատասխանել է․ «Ես շատ մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետև գործընթաց է ընթանում։ Զինվորներն ամբողջությամբ բաց են թողնվել, ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա քննություն է ընթանում, որովհետև մեղադրյալ են համարվում»։