
Ո՞վ է Փարաքար համայնքի սպանված ղեկավարը
Վալոդյա Գրիգորյանը Փարաքարի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթած թեկնածուն էր։ Նա 2025 թվականի մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններում ստացել էր քվեների կեսից ավելին՝ 57 տոկոսը։
Վալոդյա Գրիգորյանը նոյեմբերին կդառնար 42 տարեկան։ Ծնվել է 1983 թվականին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում, որտեղ և դպրոց է գնացել, ապա ընդունվել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ։ Բուհական կրթությունն ավարտել է ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մանկավարժի, ինչպես նաև կարատեի մարզչի որակավորմամբ։
2016-2018 թթ․ Գրիգորյանը համալրել է գիտելիքները՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան։ 2022-ին ավարտել է «Մատենա» միջազգային դպրոցի «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» ծրագիրը՝ համայնքային պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով։
Մասնագիտական ճանապարհը սկսվել է 2004-ին, երբ հայրենի համայնքում սկսել է աշխատել որպես սպորտային հրահանգիչ։ Ապա աշխատանքի է անցել Մերձավանի գյուղապետարանում․ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
2011-2016 թթ․ Վալոդյան զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ։
2021-ից անդամակցում էր «Ապրելու Երկիր» կուսակցությանը։ Նույն թվականի դեկտեմբերից դարձել էր Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավարն էր։
2023 թվականի ապրիլի 22-ին ընտրվել էր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
2025-ի ապրիլին ստանձնել էր Փարաքարի համայնքապետի պաշտոնը։
Գրիգորյանը ամուսնացած էր, չորս զավակի հայր էր։