
Փարաքարի համայնքապետի սպանությունն առնվազն քաղաքական ենթատեքստ ունի․ Արսեն Բաբայան
Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի․ ABC media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ես փաստաբան եմ, չեմ կարող առանց ապացույցների օդից խոսել, բայց կարող եմ հենվել այն փաստերի վրա, որոնք ունենք այս պահին։ Իսկ մենք այս պահին ունենք դատաիրավական համակարգ, որը լծված է քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ամենատարբեր քրեաքաղաքական հետապնդումներին։ Ամբողջ ուժերը կենտրոնացրել են ընդդիմադիրներին գաղտնալսելով։ Իրավական համակարգը զբաղված է մեկ անձի քաղաքական քմահաճույքները բավարարելով ու սպասարկելով, հետևաբար այս իմաստով ցանկացած սպանություն ունի քաղաքական պատճառ»,-ասել է Բաբայանը։
Փաստաբանը նշել է, որ իրավական համակարգն իր բուն գործունեությունը թողնելով՝ զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով, հետևաբար «ժամանակ» չունեն զբաղվելու հանցագործներով։
«Սպանությունները սովորական հանցագործություններ չեն, դրանք պլանավորվում են, նույնիսկ եթե չպլանավորված սպանություն կա, ապա այդ սպանության գործիք հանդիսացող զենքը տևական ժամանակ գտնվում է անձանց մոտ, իսկ եթե դատաիրավական և օպերատիվ հետախուզական ծառայությունները թողնեն քաղաքական քննադատների, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական գործեր սարքելու այդ իրենց գործունեության այդ գործելաոճը, ապա Հայաստանի Հանրապետությունում կկարողանան կանխել հանցագործությունները։ Հետևաբար, այո, պատճառը բացառապես քաղաքական է, առնվազն հիմնական պատճառը հենց քաղաքական է»,-եզրափակել է Բաբայանը։