24 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորիս Ավագյան. ո՞վ էր Արցախի նախկին պետական պաշտոնյան և ի՞նչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում

Բորիս Ավագյան. ո՞վ էր Արցախի նախկին պետական պաշտոնյան և ի՞նչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում մահացած են գտել արցախցի գործիչ Բորիս Ավագյանին։ Նա եղել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչը՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին։ Հայտնի էր ակտիվ հասարակական դիրքորոշումներով, մասնավորապես 2021 թվականին ռազմագերիների հարցով քննադատել էր Հայաստանի իշխանություններին, ինչի պատճառով հեռացվել էր Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ավագյանի անվան շուրջ մեկ այլ սկանդալ էլ բարձրացել, երբ նա միջազգային կազմակերպություններին մեղադրել էր օրինակ՝ HALO Trust-ին, ադրբեջանական հատուկ ծառայություններին ականապատման քարտեզներ փոխանցելու համար, սակայն կազմակերպությունը հերքել էր այդ մեղադրանքները։

Ավագյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ սահմանի անօրինական հատման և փողերի լվացման մեղադրանքներով։ 2016 թվականին նա ձերբակալված էր եղել մաքսանենգության գործի շրջանակում, իսկ 2021 թվականին Սանկտ Պետերբուրգում նրան կրկին ձերբակալել են՝ մեղադրելով հանցավոր խմբի ստեղծման և էժան շինանյութի անվան տակ տեխնիկայի ներմուծման համար:

Բորիս Ավագյանը նաև զբաղվել է գերիների վերադարձի հարցերով՝ որպես Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ և ԱԻՊԾ փոխտնօրեն։ Ուղիղ կապի մեջ էր ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

Ըստ ռուսական մամուլի՝ ինքնասպանությունից ժամեր առաջ, նախկին պաշտոնյան փախել է դատարանից՝ «ծխելու» պատրվակով և թաքնվել ՀՀ հյուպատոսարանում։ Նա ցանկացել է, որ իրեն արտահանձնեն Հայաստանին՝ նախաքննության և դատարան ներկայացնելու համար։

Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ գործը քննվում է 2024 թվականի ապրիլից: Գործով ներգրավված է ընդհանուր առմամբ 21 անձ: Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևայի խոսքով՝ այս տարվա օգոստոսի 22-ին մեղադրյալը պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ: Նրա գործը կասեցվել է, իսկ Ավագյանը ազատ է արձակվել կալանքից։

«Սակայն գործը վերաբացելու միջնորդություն է ներկայացվել ՝ այս պայմանագրի խզման և Ավագյանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնելուց հրաժարվելու պատճառով։

Միջնորդությունը քննարկվել է դատական նիստում՝ նախնական կալանքի հարցի հետ:

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, որի ժամանակ էլ Ավագյանին հաջողվել է փախուստի դիմել:  Դատարանը որոշել է վերաբացել գործը և ձերբակալել մեղադրյալին։

Անցյալ տարվա ապրիլին Коммерсантъ թերթը գրել էր, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է ուղարկել Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարան՝ Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ, որոնք մեղադրվում են ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարի մաքսային տուրքերից խուսափելու համար: Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը՝ քողարկված որպես ավելի էժան շինանյութեր։

2025 թվականի  սեպտեմբերի 23-ին, ինքնասպանությունից ժամեր առաջ, նա կրկին կապ է հաստատել լրատվամիջոցներից մեկի հետ՝ նշելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում և պատրաստ է ազատորեն արտահանձնվել Հայաստանի իրավապահներին։

Ռազմագերիներ