
Բորիս Ավագյանի մարմինը կուղարկվի դատաբժշկական փորձաքննության․ ՌԴ իրավապահներ
«Ռոսիմուշչեստվո»-ի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի մարմինը, որը չորեքշաբթի հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, այժմ գտնվում է դիահերձարանում և կուղարկվի դատաբժշկական փորձաքննության․ РИА Новости–ին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Ավագյանի մարմինը գտնվում է դիահերձարանում, և մահվան պատճառը պարզելու համար կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն», – ասել է գործակալության աղբյուրը։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում մահացած են գտել արցախցի գործիչ Բորիս Ավագյանին։ Ըստ ՌԴ իրավապահների նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։
Ավագյանը մեղադրվում էր մաքսատուրքերից խուսափելու համար։
Ռուսական մամուլի համաձայն՝ ինքնասպանությունից ժամեր առաջ, նախկին պաշտոնյան փախել է դատարանից՝ «ծխելու» պատրվակով և թաքնվել ՀՀ հյուպատոսարանում։ Նա ցանկացել է, որ իրեն արտահանձնեն Հայաստանին՝ նախաքննության և դատարան ներկայացնելու համար:
Բորիս Ավագյանը եղել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչը՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին։ Հայտնի էր ակտիվ հասարակական դիրքորոշումներով, մասնավորապես՝ 2021 թվականին ռազմագերիների հարցով քննադատել էր Հայաստանի իշխանություններին, ինչի պատճառով հեռացվել էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ավագյանի անվան շուրջ մեկ այլ սկանդալ էլ բարձրացել, երբ նա միջազգային կազմակերպություններին մեղադրել էր, օրինակ՝ HALO Trust-ին՝ ադրբեջանական հատուկ ծառայություններին ականապատման քարտեզներ փոխանցելու համար, սակայն կազմակերպությունը հերքել էր այդ մեղադրանքները։