
Սովը կարող է մի քանի շաբաթ անց կլանել Գազայի ողջ բնակչությունը․ ՄԱԿ
Գազայի հատվածի ողջ բնակչությունը կարող է սովի մեջ հայտնվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, եթե անկլավ սննդի մատակարարումները կտրուկ չավելանան․ կանադական CBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կառլ Սկաուն։
«Ինչպես նախկինում հաստատել էր ՄԱԿ-ը, Գազայի հատվածի բնակչության միայն մի մասն էր տառապում սովից, բայց եթե այս իրավիճակը շարունակվի ևս մի քանի շաբաթ, անկլավի ողջ բնակչությունը կհայտնվի սովի մեջ», – պնդել է նա։
Սկաուի խոսքով՝ ներկայում օրական Գազայի հատված է մտնում սնունդ տեղափոխող մոտ 100 բեռնատար։ «Դա կաթիլ է օվկիանոսում, հաշվի առնելով, որ խոսքը 2,2 միլիոն մարդու մասին է։ Մենք պետք է զգալիորեն ավելացնենք օգնության մատակարարումները՝ այս սովը հաղթահարելու համար, ինչպես դա արեցինք փետրվար և մարտ ամիսներին հրադադարի ժամանակ, երբ օրական միջինում 600-700 բեռնատար սնունդ էինք մատակարարում», – հավելել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայում սով չկա․ «Մենք ունենք պատերազմի ընթացքում, այդ թվում՝ վերջին ժամանակներում, ձեռք բերված հազարավոր լուսանկարներ։ Այնտեղ դուք չեք տեսնի գեթ մեկ հյուծված մարդ»։