
Կստեղծվի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն․ Արարատ Միրզոյան
Եգիպտոսում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում շփումներ եղել են ոչ միայն այլ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հետ, այլ նաև Ադրբեջանի․ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ հնարավորություն է եղել կարգավորման գործընթացի ամբողջ ծավալի և մանրամասների վերաբերյալ մտքեր փոխանակելու, կենտրոնացել են հատկապես հումանիտար հարցերի շուրջ։
Նա շեշտում է՝ կա սկզբունքների շրջանակ, որի ներքո է տեղի ունենալու ապաշրջափակումը, այդ շրջանակի մեջ է մտնում տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ, և, իհարկե, փոխադարձությունը։
Հայաստանի և ԱՄՆ-ի կողմի դեռ հստակեցված չեն ՀՀ երկաթուղու հատվածի՝ TRIPP ուղու առումով պայմանները և տեխնիկական լուծումները։ «Երբ կունենանք ամբողջական պատկերացում, կհանրայնացնենք, կլինի նաև հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը պատասխանատվություն կստանձնի կառուցապատման և հետագա շահագործման ուղղությամբ: Բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն և կհանրայնացվեն: Այս պահին համաձայնեցված է այն, ինչը հրապարակված է»,-ասել է Միրզոյանը։