
Փաշինյանն ու Հռոմի պապը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։
Հռոմի պապը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության և կայունության նոր փուլի սկիզբ։
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ Հայաստանի և տարածաշրջանի բարգավաճման ու կայուն զարգացման։


