
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելու խոչընդոտները պահպանվում են. RFI
Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները: Նախագահ Իլհամ Ալիևը փոփոխության մասին հայտարարել է Ղազախստան կատարած այցի ժամանակ՝ մատնանշելով ղազախական հացահատիկի խմբաքանակը, որն Ադրբեջանի տարածքով տեղափոխվում Հայաստան. գրել է Radio France Internationale -ը(RFI):
«Դա մեծ փոփոխություն չէ՝ Հայաստանի ներմուծման և արտահանման կարողությունների առումով», – նշել է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) կովկասյան վերլուծաբան Ջոշուա Կուչերան։
Նա հավելել է, որ այս քայլը խորհրդանշական նշանակություն ունի՝ ցույց տալով, որ Ադրբեջանը «պատրաստ է անել այնպիսի բաներ, որոնք նախկինում պատրաստ չի եղել անել»։
Բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը հաջորդում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրված մի շարք համաձայնագրերի։
Այս համաձայնագրերը նպատակ ունեն վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ տասնամյակներ տևած թշնամանքին: 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագիրը, որը դեռևս պաշտոնապես չի ստորագրվել և վավերացվել, նախատեսում է տրանսպորտային ուղիների բացում՝ երկու երկրների միջև առևտուրը, կապը և փոխադարձ վստահությունը բարելավելու, ինչպես նաև հակամարտությունը դադարեցնելու համար։
Այնուամենայնիվ, դեռևս մնում են էական խոչընդոտներ։ Ամենամեծ խոչընդոտը, ըստ Կուչերայի, կարող է լինել ՀՀ Սահմանադրության մեջ օգտագործված ձևակերպումը, որը նախատեսում է ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։
Այսպիսով՝ Ադրբեջանը սա համարում է ՀՀ սահմանադրության մեջ անընդունելի «տարածքային պահանջ», որը խոչընդոտում է վերջնական խաղաղության համաձայնագրի կնքմանը։
ՀՀ-ն այժմ առաջարկում է Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, որը տեղի կունենա 2027 թվականին։ Սակայն, ըստ Կուչերայի, շատ հայեր սա ընկալում են որպես Ադրբեջանի կողմից «ահաբեկչություն»։ «Նրանք չեն կարծում, որ դա Ադրբեջանի օրինական պահանջ է։ Եվ այդ պատճառով ոչ ոք չգիտի՝ այս հանրաքվեն կանցնի՞, թե՞ ոչ»։ Նա հավելել է, որ շատ հայեր կարող են պարզապես բոյկոտել այն։
Միևնույն ժամանակ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ երկու երկրների միջև համաձայնագրերը կամրապնդվեն «Թրամփի երթուղով»:
Այս նախաձեռնությամբ Սպիտակ տունը, կարծես, ստանձնում է տարածաշրջանային խաղաղապահի դերը, որն ավանդաբար Մոսկվայինն էր, բայց Կուչերան կասկածանքով է վերաբերվում ԱՄՆ-ի երկարատև դերին այս տարածքում։
«Ավանդաբար, Կովկասն ԱՄՆ-ի համար շատ բարձր առաջնահերթություն չի եղել», – նշել է փորձագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի այժմյան բացակայությունը Հարավային Կովկասում հավերժ չի տևի:


