
Լավ ծանոթ եմ ադրբեջանցի էկոակտիվիստի գործունեությանը՝ ոչ միայն Լաչինի միջանցքի շրջափակումից․ Բորիս Նավասարդյանը՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Հայաստանի ՀԿ-ների հանդիպմանը ներկա Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ABC Мedia-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցած հանդիպումից։
Նավասարդյանի խոսքով՝ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների լայն շրջանակը՝ սկսած ցեղասպանության վերաբերյալ պայմանագրի և դրա ժամկետների հնարավոր քննարկումներից, մինչև ապաշրջափակման գործընթացը, մարդասիրական և ռազմագերիների հարցերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների ներգրավումը երկխոսության մեջ։
«Մենք անդրադարձանք ոչ միայն քաղաքական, այլև մարդասիրական խնդիրներին՝ ներառյալ անհայտ կորած և Բաքվում պահվող անձանց հարցերին։ Ասացինք, որ շատ կարևոր և առաջնային է նրանց վերադարձը։ Քննարկեցինք նաև մեդիայի դերը վստահության ձևավորման գործում»,- նշել է Նավասարդյանը։
Հանդիպման առանձնահատկություններից մեկն այն էր, որ ադրբեջանական պատվիրակության կազմում մասնակցում էր նաև նախկին էկոակտիվիստը, որը Արցախում մասնակցել էր Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Այս հանգամանքը լայն արձագանք էր գտել հայկական մամուլում։ Նավասարդյանը, արձագանքելով այդ քննադատություններին, ընդգծել է․ «Պատվավոր հյուր անվանելը ճիշտ չէ։ Նա պարզապես ադրբեջանական խմբի անդամներից մեկն էր։ Մենք տեղյակ էինք նրա անցյալից և նախկին գործունեությունից՝ այդ թվում մեր մամուլի ակումբի նախորդ ուսումնասիրությունների հիման վրա։ Բայց մենք դա ընկալել ենք որպես հնարավորություն՝ ուղերձներ հասցնելու ադրբեջանական իշխանություններին»։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Բորիս Նավասարդյանը, Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։
Ըստ Նավասարդյանի՝ զրույցների ընթացքում շեշտվել է նաև, որ սահմանազատման գործընթացը պետք է արագանա, քանի որ դա ուղղակիորեն կապված է հասարակության անվտանգության հետ։
«Խոսել ենք այն մասին, որ ապաշրջափակման գործընթացում պետք է ներգրավվի ոչ միայն Մեղրիի ճանապարհը, այլև Հայաստանի տարածքի այլ ուղղություններ։ Մենք ուզում ենք, որ խաղաղության և անվտանգության թեմաներում լսելի լինեն նաև սահմանամերձ համայնքների բնակիչները»,- ասել է Նավասարդյանը։
Նա հավելել է, որ հանդիպման հիմնական ուղերձներից մեկը եղել է բոլոր պահվող անձանց վերադարձի հարցի լուծման անհրաժեշտությունը, առանց որի, ըստ նրա, վստահության մասին խոսելը դժվար է։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի որոշ ներկայացուցիչների նկատմամբ վստահությանը՝ Նավասարդյանն ասել է․«Կային մասնակիցներ, ում հետ մենք նախկինում համագործակցել ենք և վստահում ենք, բայց կային նաև այնպիսիք, ում համարում ենք ոչ վստահելի գործընկերներ։ Այնուամենայնիվ, եթե որևէ անձ կարող է արդյունավետ փոխանցել ուղերձներ Ադրբեջանին, ապա խոսել նրանց հետ նպատակահարմար ենք համարում»։
Ամփոփելով՝ Երևանի մամուլի ակումբի նախագահը նշել է, որ նման հանդիպումները, անկախ անցյալի խնդիրներից, կարևոր են երկխոսության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար։


