10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության խոստումներ և ատելության խոսք. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

Խաղաղության խոստումներ և ատելության խոսք. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

Միջազգային ասպարեզում Ադրբեջանը ներկայանում է որպես խաղաղության կողմնակից։ Պաշտոնական ելույթներն ու նախագծերը ներկայացվում են որպես համագործակցության և հաշտեցման նշաններ։ Սակայն երկրի ներսում պատկերը շատ տարբեր է. պետական լրատվամիջոցները և քարոզչական ալիքները դեռևս տարածում են հայատյաց խոսք։ Այս մասին OC Media-ում հրապարակված հոդվածում գրում է մարդու իրավունքների պաշտպան Ինգիլաբ Գուլիևը։

Նրա խոսքով՝ խաղաղության գաղափարը չի հասնում Ադրբեջանում բնակվող սովորական մարդկանց։ Փոխարենն՝ ատելությունն ու թշնամանքը շարունակում են ձևավորել հասարակական մտածողությունը, որը դարձել է իրական հաշտեցման ամենամեծ խոչընդոտներից մեկը։

Օգոստոսի 21-ի իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի…Մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց մենք երբեք չպետք է ջնջենք այդ արյունալի պատմությունը մեր հիշողությունից»։

Ուղերձն ուներ բազմաթիվ խնդիրներ։ Երկրի ներսում մարդկանց համար այն նախազգուշացում էր, որ պատերազմը կարող է վերադառնալ ցանկացած պահի։

Ալիևի խոսքերը հույս չէին ներշնչում. դրանք մարդկանց հիշեցնում էին կորուստների և վախի մասին։ Շատերը սոցիալական ցանցերում արձագանքեցին դառը մեկնաբանություններով, օրինակ՝ «Ձեր սեփական որդուն ուղարկեք կռվելու»։

«Սրանք պարզապես զայրացած խոսքեր չէին։ Նրանք ցույց տվեցին երկրում զգացվող խորը հիասթափությունն ու ցավը։ Ի վերջո, պատերազմի ամենածանր բեռը կրել են սովորական ընտանիքները՝ կորցնելով որդիներ, հայրեր և եղբայրներ։

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից առաջ կառավարությունը խոստացել էր, որ կգա «այլ Ադրբեջան»։ Սակայն դա երբեք տեղի չունեցավ։ Աղքատությունը, սոցիալական անարդարությունը և գրաքննությունը մնացին նույնը կամ է՛լ ավելի վատացան։ Մարդիկ հստակ տեսնում են, որ այդ խոստումները դատարկ էին», – գրում է հեղինակը՝ հավելելով, որ նրանք, ովքեր փորձեցին խոսել այդ խնդիրների մասին, պատժվեցին։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում խաղաղության մասին պաշտոնական խոսակցությունները դատարկ են հնչում։

«Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղություն, ապա պետք է ապահովի, որ խաղաղությունը լինի այն, ինչ մարդիկ զգում են իրենց առօրյա կյանքում։ Ատելության խոսքի փոխարեն պետք է խոսվի համակեցության և փոխադարձ հարևանության մասին։ Առանց այս փոփոխության՝ խաղաղության մասին խոսակցությունը կմնա ներկայացում՝ խոսքեր օտարերկրյա լսարանի համար, այլ ոչ թե իրականություն երկրում։ Արտասահմանում Ադրբեջանի խաղաղության հռետորաբանության և հայրենիքում պատերազմական հռետորաբանության միջև հակասությունը խաղաղության գործընթացը վերածում է իմիջային նախագծի, այլ ոչ թե իրական քաղաքական կամքի։ Իսկական խաղաղությունը կգա միայն այն ժամանակ, երբ հասարակական կարծիքը փոխվի, երբ ատելության լեզուն դադարի, և երբ մարդիկ վերջապես կարողանան խաղաղություն զգալ իրենց առօրյա կյանքում»,- գրում է հեղինակը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ