
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ցնցումների հավանականությունը զգալի է՝ ՀՀ-ի ինքնիշխանության վերաբերյալ մտահոգությունների պատճառով․ Global Finance
Վերջին տարիներին Հարավային Կովկասը դժվար թե համարվի ներդրումների համար իդեալական վայր։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ռազմարշավը մոտ 110,000 հայ բնակիչների ստիպել է փախչել Հայաստան։ Վրաստանը, որը մի ժամանակ բարեփոխումների խորհրդանիշ էր՝ տարածաշրջանի ամենաբազմազանեցված տնտեսությամբ, հեռացել է Արևմուտքից։ ԵՄ-ին անդամակցելու նրա հայտը կասեցված է, իսկ լարվածությունն ավելացել է անցյալ աշնանը կայացած ընտրություններից հետո․ գրում է ֆինանսական նորությունների գծով մասնագիտացած Global Finance հարթակը։
Հարթակը հիշեցնում է, որ օգոստոսի 8-ին ՀՀ-ն և Ադրբեջանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ նախաստորագրել են խաղաղության վերաբերյալ համաձայնագիր, որի հիմքում ընկած է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ կապող «Թրամփի երթուղին» (Trump Route for Peace and Prosperity, TRIPP)։ Այն պետք է կառավարվի և մշակվի ամերիկյան ընկերությունների կողմից՝ Երևանի հետ համատեղ:
Ըստ մասնագետների՝ ամերիկյան ընկերությունների ներգրավվածությունը կարող է մասամբ մեղմել Երևանի վախերը: Զգայունությունը մեծ է, հատկապես երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչը տարածքային հետևանքներ ունի Հայաստանի համար։
Ինչպես նշվում է, նման զգայունությունները կարևոր են, քանի որ հաջորդ տարի Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Մտահոգիչ է նաև Ռուսաստանի անհանգստությունը Վաշինգտոնի հետ իր դաշնակցի չափազանց մերձեցման կապակցությամբ։ Մոսկվան ռազմական բազա ունի Հայաստանում և մատակարարում է նրա էներգիայի մեծ մասը, միևնույն ժամանակ՝ երկիրը մնում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ակտիվ անդամ:
«Բաքուն ողջունել է ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ հատկապես Մոսկվայի հետ լարվածության աճի ֆոնին։ Միևնույն ժամանակ՝ Երևանը, որը նախկինում վերապահումներ էր հայտնել իր անցակետերում արտաքին վերահսկողության վերաբերյալ, ըստ տեղեկությունների, ստացել է երաշխիքներ, որ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին կհարգվեն: Այժմ քննարկումներ են ընթանում միջանցքի համար մասնավոր օպերատոր ընտրելու ուղղությամբ», – նշում է «Eurasia Group»-ի վերլուծաբան Թինաթին Ջափարիձեն:
Հարևանների հետ մերձեցումից բխող հնարավորությունների մաքսիմալացումից բացի՝ կառավարությունը բախվում է այլ, երկարաժամկետ մարտահրավերների։ Դրանց թվում է մոտ 14% գործազրկությունը, որն ավելի է սրվում որակավորման անհամապատասխանությամբ՝ տարիների ընթացքում վերապատրաստման ոլորտում ներդրումների թերացման և Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի ներհոսքի պատճառով։ Այս փախստականների ինտեգրումը ֆինանսական և քաղաքական լուրջ մարտահրավեր է։
Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը մեկ այլ մտահոգություն է, չնայած Մեծամորի հնացող ատոմակայանը նոր ատոմակայանով փոխարինելու ծրագրերը, ինչպես նաև ընթացիկ վերականգնվող էներգիայի նախագծերը նպատակ ունեն ամրապնդելու երկարաժամկետ էներգետիկ անվտանգությունը։
Ըստ Fitch Ratings վարկանիշային կազմակերպության՝ ՀՀ-ում պետական պարտքը կարող է հասնել ՀՆԱ-ի 60%-ին մինչև 2030 թվականը։


