
Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։
Շոյգուի խոսքով՝ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն․ գրում է ТАСС-ը։
«Տարածաշրջանում՝ Կովկասում ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում, տեղի ունեցած տարբեր իրադարձությունների վերաբերյալ ամեն ինչ պահանջում է մեր մշտական ուշադրությունը և խորհրդակցությունները»,- հայտարարել է Շոյգուն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Գրիգորյանը վստահեցրել է, որ «պատրաստ է մանրամասներով կիսվել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել նրան հանդիպման հնարավորության համար։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը։ Հանդիպման շրջանակում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։


