21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի քայլերի դեմ պայքարը վերկրոնական, վերկուսակցական է. ՀԱԿ-ը քննարկում է հրավիրել

Փաշինյանի քայլերի դեմ պայքարը վերկրոնական, վերկուսակցական է. ՀԱԿ-ը քննարկում է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի քայլերի դեմ պայքարը վեր է կուսակցական, կրոնական պատկանելիությունից. այսօր «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» խորագրով հանրային քննարկմանը ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք ներկայացնելու ենք փաստաթուղթ, որին ծանոթ են ներկաները։ Այդ փաստաթղթի տակ եթե համաձայն եք, չունեք մեծ դժգոհություններ, խմբագրման անհրաժեշտություն, կարող եք ստորագրել»,- ասել է Լևոն Զուրաբյանը։

Փաստաթղթում ներառված են փաստեր եկեղեցու դեմ արշավի՝ ուղղորդված լինելու մասին, իշխանական լրատվամիջոցի, Փաշինյանի գրառումների և այլ հայտարարությունների վերաբերյալ։ Այդ փաստերի հիման վրա հաղորդում է ներկայացվելու Դատախազություն։

Հանդիպման մասնակիցներից «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար։ Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է ոլորտներում գտնել թույլ օղակների և նրանց միջոցով իր «քայլերն» իրականացնել։

«Նա գտնում է ինչ-որ օղակներ, որ ամենուր են, և դրանց միջոցով փորձում են պայթեցնել։ Մեզ համար եկեղեցին պետք է ընկալվի ինքնության մաս, որը պաշտպանվելու համար քայլեր նախաձեռնվի։ Ես միամիտ չեմ, որ մտածեմ՝ Դատախազությունը ընթացք կտա հաղորդմանը, բայց փաստաթուղթը պետք է ներկայացվի, որ հետո պատիժ կրեն նրանք, որոնք անգործությամբ նպաստել են անօրինականությանը»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Գրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանն էլ կարծում է՝ նախաձեռնությունն ուշացած է։ Փաշինյանի բոլոր խախտումների վերաբերյալ մեկառմեկ հաղորդումներ պետք էր ներկայացնել։

«Ասում եք՝ Դատախազությունը ընթացք չի տա, բայց կարձանագրվի անգործությունը. թող Դատախազությունը մեկ առ մեկ մերժի հաղորդումները, այդպես ավելի ճիշտ կլիներ»,- ասել է Պասկևիչյանը։

Նա խոսել է նաև Փաշինյանի՝ պատարագներին մասնակցելու մասին։

«Փաշինյանն ասում է՝ Առաքելական եկեղեցու հետևորդ է, մասնակցում է պատարագին. լավ ես անում, բայց մեզանից ո՞ր մեկն է պատարագին մասնակցելու համար պետական միջոցները այպես մսխում։ Ինչու՞ եք մեր հաշվին մասնակցում պատարագին, եթե այցի նպատակը միայն պատարագին մասնակցելն է»,- ասել է Պասկևիչյանը։

Ռազմագերիներ