
Հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Իմ խոստումը կկատարվի՝ մենք կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը, և ուրիշ ջրամբարներ․ ՀՀ կառավարության տարեվերջյան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ճեպազրույցի կարևոր հատվածները՝ կետերով
- Մենք կունենանք Կապսի ջրամբարը։ Պարզապես կապալառու գործընկերն իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, և նրա հետ պայմանագիրը խզվել է։ Կփնտրենք նոր գործընկեր։
- Ես հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն։ Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի։
- Իրանի հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և մենք, այո, ցանկություն ունենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։
- Արդեն հասունացել է պահը, որ պետք է սիմվոլիկ, կամ ոչ սիմվոլիկ քայլեր տեղի ունենան Թուրքիայի հետ։
- Ալիևին, այո, շնորհակալություն եմ հայտնում, որովհետև 3 կարևոր արգելք է հանվել՝ ցորենի ներկրման արգելքի վերացում, սկզբում Ղազախստանից, հետո՝ Ռուսաստանից, հետո արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղու անցման սահմանափակում չկա։Երրորդը՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել ՀՀ գործարարներին։ Շատ կարևոր է դա գնահատելը։
- Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում, և այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավելի այլ տեղեկություն չեմ կարող հայտնել։
- Հույս ունենք՝ ՌԴ գործընկերները երկաթուղու վերակառուցման հետ կապված աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն: Այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են, եթե պարզվի՝ ՌԴ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի, առաջարկել եմ մեր պատրաստակամությունը, որ ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցեսիայից ու պետբյուջեի միջոցներով այդ վերականգնումներն իրականացնել։
- Այս կիրակի պատարագի կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
- Դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն հայոց կաթողիկոս, որոշ դարեր ի վեր՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր՝ Ռուսաստանի ղեկավարը։ Այդպես շարունակ։ Մինչև հիմա վերջին նման փաստաթղթերն ընդունվել են Ռուսաստանի կամ Թուրքիայի ֆորմատով․ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով թուրքական մամուլում հայտնված տեղեկությանը, թե իբր «Թուրքիայի նախագահն արդեն որոշում ունի, թե ով պետք է լինի հաջորդ Ամենայն հայոց կաթողիկոսը»։ «Հայ եկեղեցին ի վերջո պետք է ունենա նոր կանոնագիրք»,-ասաց նա։

