
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ կառավարությանն անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ քաղաքական դրդապատճառներով գործողությունները
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնել է Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվող պետական ճնշումների վերաբերյալ՝ ներառյալ հոգևորականների ձերբակալություններն ու ահաբեկումները, եկեղեցական հաստատությունների թիրախավորումը:
Ինչպես նշվել է հայտարարությունում, այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, ինչպես նաև ոտնձգություն՝ հայկական ինքնության հիմնական կառույցների նկատմամբ:
Մինչ ՀՀ կառավարությունը պնդում է, որ իր գործողությունները հիմնված են քրեական հանցագործությունների ապացույցների վրա, Եկեղեցու առաջնորդները դատապարտել են ձերբակալությունները՝ դրանք անվանելով կրոնական ազատության դեմ հարձակում և Եկեղեցուն թուլացնելու միտումնավոր ջանք:
Ընդհանուր առմամբ՝ այս զարգացումները, մասնավորապես՝ ավագ հոգևորականության առանձին անդամների ձերբակալությունները, լուրջ մտահոգություններ են առաջացնում օրենքի գերակայության երաշխիքների թուլացման վերաբերյալ: Պետությունը որևէ ապացույց չի ներկայացրել հոգևորականների դեմ մեղադրանքները հիմնավորելու համար: Միևնույն ժամանակ՝ պետական մարմինների կողմից փաստաթղթավորված վարքագիծը, այդ թվում՝ կրոնական ծառայությունների վրա ազդելու, հոգևոր ղեկավարության վրա ճնշում գործադրելու և Եկեղեցու ներքին կառավարմանը միջամտելու ջանքերը, քաղաքացիական խմբերի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խիստ քննադատության են արժանացել՝ որպես պետական օրինական լիազորությունների չարաշահում և եկեղեցի-պետություն բաժանման սահմանադրական սկզբունքների խաթարում։
Ընտրովի հետապնդումների, սահմանափակ թափանցիկության և կրոնական գործերում պետության ուղղակի միջամտության համադրությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում, որ իրավական մեխանիզմներն օգտագործվում են ոչ թե օրենքը պահպանելու, այլ Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը խաթարելու համար։
Ավելին, «Շողակաթ» հեռուստաալիքն ազգային թվային փաթեթից հանելու ՀՀ կառավարության վերջերս ընդունած որոշումը Եկեղեցու մարգինալացմանն ուղղված շարունակական ջանքերի մաս է։
Հարձակումները տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ լարվածության աճի ֆոնին, որը Եկեղեցու առաջնորդները քննադատել են:
Հայ քրիստոնեության դեմ այս հաշվարկված արշավը ցույց է տալիս, որ ցեղասպանությունը տեղի է ունենում ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև մշակութային և հոգևոր ինքնության ջնջման միջոցով: Եկեղեցու՝ որպես ազգի բարոյական կողմնացույցի և միավորող ինստիտուտի վերացումը կենտրոնական դեր է խաղացել ցեղասպանական տրամաբանության մեջ:
Առաքելական եկեղեցին իշխանության ներկայացուցիչների կողմից ընկալվում է որպես պետական վերահսկողության պոտենցիալ սպառնալիք:
Այս ճգնաժամը բարդացնում է Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական հետագիծը։ Վերջին շրջանում Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունների և հարաբերությունների կարգավորման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի աճող դիվանագիտական ազդեցության լույսի ներքո՝ Հայաստանի ներքին ռազմավարությունն իր հիմնական կրոնական հաստատության նկատմամբ, կարծես, ավելի ու ավելի համահունչ է դառնում այս հարևան պետությունների երկարաժամկետ նպատակներին։ Առաքելական եկեղեցու մարգինալացումն արտացոլում է Անկարայի, իսկ այժմ՝ Բաքվի կողմից պատմականորեն օգտագործված ռազմավարությունները՝ հայկական ինքնությունն ու համախմբվածությունը խաթարելու համար։ Եթե այս համահունչությունը չվերահսկվի, այն կարող է քայքայել դարեր շարունակ հայերի գոյատևումը պահպանած բարոյական և մշակութային հիմքերը՝ արդյունավետորեն առաջ մղելով այն ուժերի նպատակները, որոնք ձգտել են թուլացնել Հայաստանի անկախությունն ու միասնությունը։
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի կառավարությանն անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ ուղղված քաղաքական դրդապատճառներով գործողությունները և վերահաստատել իր հավատարմությունը կրոնական ազատության և բազմակարծության սահմանադրական սկզբունքներին։ Ինստիտուտը նաև կոչ է անում միջազգային դիտորդներին և մարդու իրավունքների կազմակերպություններին ուշադիր հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդունելով, որ կրոնական հաստատությունների քայքայումը պատմականորեն նախորդել է հասարակության մասնատման և ինքնության ջնջման ավելի լայն արշավներին։
Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները։


