
Մեր հաստատուն սերն ենք հայտնում Գարեգին Բ կաթողիկոսին․ Երուսաղեմի հայոց պատրիարք
Աղոթենք բոլորս, որ գալիքը չվարակվի անցյալի մեղքերով, անցյալի խարխափումներով, որ արմատախիլ լինեն բոլոր տեսակի չարիքների արմատները, որոնք թունավորում են մարդկանց հոգիներն ու միջազգային հարաբերությունները․ ասված է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Սուրբ Ծննդյան առթիվ հղած ուղերձում, որը հրապարակվել է այսօր։
«Մեր օրերում չարիքներն են ազգամիջյան ատելությունները, անարդարությունները, ազգայնական եսամոլությունը, ցեղապաշտական խտրականությունը, անսանձ սպառազինություններն ու ոմանց՝ արյուն թափելու հիվանդագին հոգեվիճակը, որը երբեմն անհավատալի չափերով է զարգանում աշխարհի տարբեր կողմերում՝ անմեղ մարդկան կյանք խլող ահաբեկչական անմարդկային արարքներով։ Անկարելի է հաշտվել նման չարիքների ու ողբերգությունների հետ։
Հայ ժողովրդի անցյալ դարերի ողբերգական փորձը մեզ համար առավել հրամայական է դարձնում ազգերի համերաշխությունը, ազատությունը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Ինչպես կարող ենք մոռանալ անլուր ողբերգությունները, որոնք բարեպաշտ, աշխատասեր հայ ժողովրդի կյանքի բաժին եղան դարեր շարունակ, և մանավանդ 1915-ի և 1916-ի սև տարիներին՝ իբրև հետևանք կայսերապաշտապան եսամոլ շահերի և անխիղճ բռնակալների քաղաքականության, որը շարունակվեց նաև մեր օրերում՝ հատկապես 2020-ին, Արցախի մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ, որոնք մարտնչում էին անարդարության դեմ՝ նախընտրելով ազատ մեռնել, քան ստրուկ ապրել։
Այսօր աշխարհը, ուր հաճախ տառապում են անարդարություններից, պատերազմներից և հոգևոր խավարից, ավելի քան երբևէ Քրիստոսի լույսի կարիքն ունի։ Բեթղեհեմից՝ այս Սուրբ քաղաքից, ու ծնվեց Տերը, բարձրացնում ենք մեր աղոթքը խաղաղության համար, որպեսզի ժողովուրդների սրտերը լցվեն նորածին Մանկան սիրով և ազգերի մեջ համերաշխություն տիրի։
Այս սրբազան առիթով՝ հայրական սիրով շնորհավորում ենք համայն հայ ժողովրդին՝ Պաղեստինում, Հորդանանում, Հայաստանում և ի Սփյուռս աշխարհի։ Մեր անխառն ու հաստատուն սերն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր սիրեցյալ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- ասված է ուղերձում:


