
Պատերազմի հավանականությունը նվազել է, բայց «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը դարձել է խնդրահարույց․ հատվածներ՝ արտաքին հետախուզական ծառայության զեկույցից
Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է 2026 թվականին ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույցը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-ադրբեջանական, այդպես էլ տարածաշրջանում ստեղծված այլ հակամարտությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը։
Զեկույցում, սակայն, կան իրար հակասող մի շարք կետեր։ Մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին անդարդառնալիս նշված է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձաւթյան արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։
Զեկույցում տեղ գտած այս պնդմանն անմիջապես հաջորդող պնդումը հակասում է առաջինին։
«Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր»,- ասված է զեկույցի երկրորդ կետում։
Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։
ԱՀԾ-ն գրաֆիկայի միջոցով ներկայացրել է պատկերը, որից պարզ է դառնում, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախորդած և հաջորդած 138-ական օրերի ընթացքում այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» թեմայով բոլոր հրապարակումների քանակն աճել է 36%-ով։
Ծառայությունն իր զեկույցում նշել է, որ 2026 թվականին իրենց առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։
«Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է»,- ասված է զեկույցում։
Մյուս կողմից, Ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը, որը ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունը ռիսկային է համարում։
«Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին։ Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի հետ համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել»,- ասված է զեկույցում։
Անդրադառնալով TRIPP-ին՝ ծառայությունը դրական է գնահատել դրա արդյունքները, սակայն առանձնացրել է հնարավոր ռիսկերը։
«Ենթակառուցվածքային աշխարհաքաղաքականությունն ի ցույց է դնում, թե ինչպես են պետական դերակատարները տնտեսական լծակներ ու կախվածություն առաջացնելու միջոցով օգտագործում ենթակառուցվածքները՝ ընդլայնելու համար սեփական ազդեցությունը։ Կարծում ենք, որ մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, և թե վնասարար այլ գործողությունների դրսևորումներով»։
Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է համարվում նաև Իրան-Իսրայել հակամարտությունը։
Ըստ Արտաքին հետախուզության ծառայության՝ 2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձ հարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի՝ ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։


