22 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները համոզում են քահանային՝ միանալ Գևորգ սրբազանին. ահազանգ 

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները համոզում են քահանային՝ միանալ Գևորգ սրբազանին. ահազանգ 

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Սարգսյանին և փորձել համոզել՝ միանալ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որ Հայրապետական տնօրինությամբ ազատվել է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից:

ABC Media-ի հետ զրույցում Հովսեփ քահանա Սարգսյանը պատմեց, որ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 20-ին, եկեղեցում, բարեկամական զրույցի ձևաչափով:

«Ինձ առաջարկություն է արվել միանալու Գևորգ Սրբազանին, սակայն ես կտրականապես մերժել եմ և շեշտել, որ հավատարիմ եմ Հայ Առաքելական եկեղեցու կարգուկանոնին և իմ հոգևոր առաջնորդին»,- նշել է Տեր Հովսեփ քահանան։

Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Վեդիի համայնքապետարանի աշխատակիցներ, որոնց նա ճանաչել է որպես իր համայնքի անդամներ և հավատացյալներ։ Քահանան ընդգծել է, որ շանտաժ կամ սպառնալիքներ իր հասցեին չեն հնչել, իսկ զրույցն ընթացել է խաղաղ պայմաններում։

Միևնույն ժամանակ Տեր Հովսեփ Սարգսյանը ցավալի է համարել այն հանգամանքը, որ համայնքապետարանի ներկայացուցիչները նման թեմայով են դիմել իրեն։

«Ես կցանկանայի իմ համայնքի անդամների հետ զրուցել հոգևոր կյանքի և հավատքի հարցերի շուրջ, ոչ թե նման թեմաների»,- նշել է նա՝ հավելելով, որ վստահ է՝ իրենք ևս չեն ցանկանում, որ նման խոսակցությունները շարունակվեն։

Քահանան տեղեկացրել է նաև, որ վերջին օրերին լսել է՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սրբազանի կողմից նոր նշանակում է արվել․ հայր Արիստակես Այվազյանը նշանակվել է Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։

«Դա փաստացի նշանակում է, որ իրենք համարում են՝ գործող հոգևոր հովիվը այլևս այնտեղ անելիք չունի։ Ես կապվել եմ հայր Արիստակեսի հետ, զրույց ենք ունեցել, որից հետո նա հեռացել է եկեղեցուց»,- ասել է Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ինքը շարունակում է ծառայությունը եկեղեցում, քանի դեռ իր հոգևոր առաջնորդի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանից այլ որոշում կամ նշանակում չի եղել։

Անդրադառնալով հնարավոր վտանգներին՝ քահանան նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն հույս ունի՝ Աստծո օգնությամբ այն կհարթվի։

«Այս իրավիճակից ոչ միայն մենք ենք վատ զգում, այլ նաև իրենք»,- ընդգծել է նա։

Թե ինչն է ստիպում Վեդիի համայնքապետարանի աշխատակիցներին դիմել նման քայլերի, չգիտի քահանան։ Ասում է՝ աշխատակիցները նշել են՝ իրենց ցանկությամբ են եկել, բայց նրանց վարքից ու խոսքից զգացել է քահանա Սարգսյանը, որ այդքան էլ այդպես չէ։

ABC Media-ն փորձեց պարզաբանում ստանալ Վեդիի համայնքապետարանից։ Աշխատակիցները զանգերը միմյանց փոխանցեցին, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։

Ռազմագերիներ